25/05/2022 10:59
Ոստիկանական ուժերի ավելացումն իշխանության վախերն է ցույց տալիս. իշխանափոխություն լինելու է. Արթուր Վանեցյան
Ոստիկանական ուժերի ավելացումն իշխանության վախերն է ցույց տալիս, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որպես հենարան, բացառապես օգտագործում է ոստիկանական ուժերը, իրեն ժողովրդավարական բաստիոն կոչած անձն այսօր ցույց է տալիս, որ առանց ոստիկանական պատնեշի, նա չի կարող որևէ տեղ գտնվել, չի կարող որևէ քայլ անել», - նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենց ակցիաները բացառապես խաղաղ են ու ոստիկանության ուժերի նման չափով կուտակումն անտեղի է։
«Հայրենիք» կուսակցության նախագահը հավատացնում է՝ սա է ճանապարհը իշխանափոխության, այլ ճանապարհ չկա։
«Անկասկած, իշխանափոխություն լինելու է. մենք չենք եկել զուտ իշխանափոխություն պահանջելու, մենք եկել ենք, որ թույլ չտանք իշխանությունը զավթած անձինք հանձնեն Արցախն ու Հայաստանի որոշ հատվածներ, իջեցնեն ՀՀ ինքնիշխանության մակարդակը», - ասաց նա։