25/05/2022 17:13
Արցախի հարցը լուծելիս ցանկացած իշխանություն պետք է իրականացնի ժողովրդի կամքը, որն արդեն ձևակերպվել է․ Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Ֆրանսիայի հրապարակում պատասխանում են քաղաքացիների հարցերին՝ վերաբերող Հայաստանի և Արցախի անվտանգությանը, երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Մինչ այդ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն պատրաստվում մասնակցել ԱԺ-ում կազմակերպված ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «շոուին», փոխարենը ժողովրդի կողքին են՝ պատասխանելու նրա հարցերին։
Քաղաքացի Հարություն Կարապետյանը ընդդիմադիր պատգամավորներին հարցրեց՝ ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարցի լուծումը։
«Արցախի հարցի լուծման ուղղությունն ու դրա հետ կապված անելիքները մեր ժողովուրդը վաղուց արդեն ձևակերպել է, և որևէ իշխանություն այլ բան չի կարող անել, քան ժողովրդի կամքն իրականացնելն է, որն առաջին հերթին հենց Արցախի ժողովուրդն է արդեն արձանագրել», - հարցին ի պատասխան՝ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա ներկայացրեց նաև այն նախապայմանները, առանց որոնց Արցախի հարցի լուծումը հայանպաստ չի լինի։ Առաջինն Արցախի կարգավիճակի հարցն է։ Ցանկացած իշխանության համար կարմիր գիծ է Արցախի որևէ կարգավիճակն Ադրբեջանի կազմում։ Այն պետք է բացառվի։
«Արցախի հայաթափումը բացառող մյուս կարևոր պայմանը անկլավային վիճակի բացառումն է։ Ակնհայտ է, որ եթե մայր Հայաստանի հետ ցամաքային կապ չլինի, Արցախում հայապահպանության հետ կապված խնդիր ենք ունենալու։
Երրորդ հարցը անվտանգության համակարգի ամրապնդումն է՝ երեք հիմնական բաղադրիչներով։ Առաջինն Արցախի ուժերով անվտանգության ապահովումն է, Հայաստանի՝ որպես Արցախի անկախության ու անվտանգության երաշխավորի հանձնառությունից բխած անմիջական մասնակցությունն անվտանգության համակարգի ձևավորման հարցում և, այսօրվա իրավիճակից թելադրված, ռուս խաղաղապահ ուժերի անժամկետ ներկայությունը։ Նրանք պետք է մնան այնտեղ այնքան ժամանակ, քանի չի երաշխավորվել Արցախի իրական անվտանգ գոյությունը», - ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
Այս ամենը, նրա խոսքով, հնարավոր է պաշտպանել բանակցային գործընթացում, ինչը նախկին իշխանությունները մինչև հիմա հաջողությամբ արել են։
«Իսկ այս իշխանությունների հայտարարությունները, որ այդ մոտեցումներն այսօր պաշտպանելի չեն, սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերն ու շահերը», - ընդգծեց Արմեն Ռուստամյանը։