25/05/2022 09:40
«Ժողովուրդ». Ուշագրավ իրավիճակ՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով:
Այսպիսով, մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի եւ օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշելու, թե կա՞ն արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե՞ ոչ: Նյութերի նախապատրաստման ժամկետը 10-օր է, եւ այն ավարտվել է մայիսի 17-ին, ուստի նախաքննական մարմինը արդեն պետք է որոշում կայացրած լիներ` հարուցել արդյոք քրեական գործ, թե մերժել քրեական գործի հարուցումը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում միջադեպի գործով: Կոմիտեի լրատվական բաժնից ի պատասխան հայտնեցին, թե տեսախցիկի մասով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի արդյունքում որոշում է կայացվել, եւ նյութերի նախապատրաստման ընթացքը երկարաձգվել է 20 օրով: Այդ ժամկետը կլրանա հունիսի յոթին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող, «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ: Ինչ կտա 20-օրյա երկարաձգումը՝ սպասենք զարգացումներին:
Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»։