25/05/2022 18:15
Առանց Հայաստանի գործուն աջակցության ու սատարման, Արցախի պաշտպանությունն ու զարգացումն ապահովել հնարավոր չէ․ Տիգրան Աբրահամյան
Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանն այսօր հրաժարվել է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի՝ Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից, այլ առհասարակ, հրաժարվել է Արցախից, Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորն, ի պատասխան քաղաքացիներից մեկի հարցի, ներկայացրեց, թե հաջորդ իշխանությունն ինչ ուղղություններով պետք է աշխատի՝ Արցախի՝ պատերազմից հետո մնացած տարածքը պաշտպանելու և զարգացնելու համար։
«Այս պահին կարևոր խնդիրներ են Պաշտպանության բանակի ռեֆորմները, որոնք բավարար չափով իրականացված չեն։ Պետք է հաշվի առնել այս պահին Արցախի բոլոր առանձնահատկությունները, այն փխրուն կապը, որը միջանցքի միջոցով ապահովված է Հայաստանի և Արցախի միջև։
Շատ կարևոր է հասկանալ, թե մենք տեղում ինչ ռեսուրսներ ունենք, որոնք հնարավորություն են տալու ապահովել մի կողմից Արցախի պաշտպանունակությունը, մյուս կողմից՝ Արցախի զարգացումը», - ասաց Աբրահամյանը։
Մյուս կարևոր խնդիրներից մեկը, նրա խոսքով, պատմական բնօրրանում իրենց տներից զրկված արցախցիների բնակարանային ապահովման հարցն է։
«Պատերազմի հետևանքով մոտ 40 000 մարդ զրկվել է իր տնից և խնդիր ունենք՝ արագացված կարգով ապահովելու այդ մարդկանց կյանքն Արցախում, մինչև հնարավորություն ստեղծվի, որ այդ մարդիկ վերադառնան իրենց հիմնական օջախներ», - նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև փաստեց՝ արդյունավետ չէ Հայաստանի և Արցախի պետական մարմինների, գերատեսչությունների փոխգործակցությունը, իսկ Արցախի պետական կառավարման համակարգը արմատական փոփոխւթյունների կարիք ունի։
«Ճկունության, արդյունավետության բարձրացման կարիք կա։ Առհասարակ, Արցախի առջև առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների։
Պետք է նաև հասկանալ, որ առանց Հայաստանի գործուն աջակցության, գործուն սատարման, Արցախում ո՛չ պաշտպանական, ո՛չ զարգացման հարցում որևէ խնդիր լուծելու հնարավորություն չկա», - ընդգծեց Աբրահամյանը։