25/05/2022 17:21
Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է. Փաշինյան (Տեսանյութ)
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց էր ծագում, թե այս ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է, և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, նաև կարող է դե յուրե ստեղծվել հնարավորություն ավտոմոբիլային հաղորդակցության համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ ունենք Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։
«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում՝ առավել ևս Արցախի ժողովրդի, ինչ-որ բան անել։
«Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով։ Առանց այդ էլ դրամատիկ վիճակը հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ։ Մենք պետք է այդ իրավիճակի հետ առնչվենք և իրավիճակի աչքերին ուղիղ նայենք՝ ոչ ավելի, ոչ պակաս», - նշեց Փաշինյանը։