25/05/2022 21:44
Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հարցը
Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկությունը հայտնել է Բելառուսի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լյախնովիչը մասնակցել է Բիշքեկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Միջոցառման շրջանակում Բելառուսի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը բանակցություններ է վարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ:
Ըստ Բելառուսի տրանսպորտի նախարարության, գլխավոր թեման միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացումն է եղել։
Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել ու արձանագրություններով ամրապնդել մշակված որոշումները: