25/05/2022 17:39
«Պատերազմը կանխելու մի ձև կար». Նիկոլ Փաշինյանն արեց խոստացած բացահայտումը (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա ասաց, թե այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝ տպավորություն է ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։
Փաշինյանն ասաց, թե այն, ինչ պիտի ասի, երկար ժամանակ ձեռնպահ է մնացել ասելուց, չնայած, կտոր-կտոր ժամանակին ասել է։
«Տեսեք, այսօր շատ են խոսում նրա մասին ու շատերը արդարացված են խոսում, երբ ասում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի ու հենվեր 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի վրա ու 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով ԼՂ-ի ժողովուրդը հռչակել է անկախություն ու հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում ու սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից ու Խորհրդային Ադրբեջանից», - ասաց նա։
Փաշինյանը ասաց, թե 2007 թվականին Հայաստանը, որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ուենալիք հանրաքվեի միջոցով։ Սա, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ հայկական կողմն այդ հենքը ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։
«Ես սրա մասին դեռ օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ Արմեն Ռուստամյանին։ Երբ որ հայկական կողմն ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել, որովհետև մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում, դա քիչ չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներ են այսօր քաղաքում խցանումներ առաջացնում, Ադրբեջանին վետտոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ-ում ապրած ադրեջանցիները, ևս մեկ հարված է հասցվել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը։
Նա ասաց, թե Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։
«Հետո ասում են, որ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու, ես այս ամբիոնից ասել եմ, որ Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե այսօր ուզում են ասել, որ իրենք եկել են ու պատերազմ են բերել։
«Ոչ, մենք չենք եկել ու պատերազմ բերել, դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել, այդ պատերազմը կանխելու մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները։ Պատերազմը սկսվել էր 2016 թվականի ապրիլից ու Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենաք, սա է ամբողջ ճշմարտությունն ու մենք հիմա, այո, ամեն հնարավորն անում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, անվտանգությունն ու կարգվավիճակի հարցը լուծվի, բայց մենք ասում ենք, որ մեր օրակարգի վերևում խաղաղությունն է, մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին ընկնելու են, բայց վեր են կենալու։
«Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են, բայց մեզ մեր նպատակից չեն շեղելու», - ընդգծեց Հայաստանի վարչապետը։