26/05/2022 15:43
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ. որոնք են կենսաբանական դեղերն ու ինչ պետք է իմանան պացիենտը, ծնողը
Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։
Վերջին տարիներին Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման նոր հեռանկարներ են բացվել` ի շնորհիվ նորագույն դեղերի։ Դրանք հայտնի են որպես կենսաբանական դեղեր, քանի որ ստացվել են կենսաբանական ինժեներիայի ճանապարհով։ Ի տարբերություն «Մետոտրեքսատի» և «Լեֆլյունոմիդի», որոնք ազդում են բոլոր արագ բաժանվող բջիջների վրա, այս դեղերը հիմնականում ուղղված են սպեցիֆիկ մոլեկուլների դեմ, այսինքն՝ ազդում են առավել նպատակային և չեն վնասում օրգանիզմի առողջ բջիջները, այստեղից էլ առաջացնում են ավելի քիչ կողմանկի ազդեցություններ։
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման համար հաստատում ստացած և լայնորեն կիրառվող առաջին կենսաբանական դեղերից մեկը «Տոցիլիզումաբն» է, որը հաստատված է Յուվենիլ արթրիտի թե համակարգային ձևի և թե պոլիարթիկուլյար ձևի բուժման մեջ։
«Տոցիլիզումաբը» մոնոկլոնալ հակամարմին է, որը իր կառուցվածքով նման է ինտերլեյկին 6 (IL6) սպիտակուցային մոլեկուլին։ Այն ընտրողաբար միանում է ինտերլեյկին 6 սպիտակուցային մոլեկուլի ընկալիչներին և արգելափակում է ինտերլեյկին 6-ի բորբոքային ազդեցությունը տարբեր հյուսվածքներում, հատկապես, հոդերում։ Այսպիսով՝ «Տոցիլիզումաբը» իր ազդեցությամբ ճնշում է բորբոքային պրոցեսը։ Այն կիրառվում է հիմնականում մոնոթերապիայի ձևով, բայց կարող է զուգակցվել նաև բազիսային դեղերի հետ, եթե բժիշկը նպատակահարմար է գտնում։ «Տոցիլիզումաբը» նշանակվում է ներերակային ճանապարհով և կատարվում է հիվանդանոցային պայմաններում՝ յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ անգամ: Որպես կանոն՝ «Տոցիլիզումաբի» ներարկումները անցնում են առանց բարդությունների, դեղի ընդհանուր տանելիությունը բավականին լավ է, ինչը պայմանավորված է սպիտակուցի մոլեկուլում առավելապես մարդկային կոմպոնենտի առկայությամբ (հումանիզացված հակամարմին): Կողմնակի ազդեցությունները գնահատելու նպատակով շատ կարևոր է լյարդային ֆերմենտների հսկողությունը, արյան սպիտակ բջիջների (նեյտրոֆիլների) կամ թրոմբոցիտների քանակի հսկողությունը, արյան մեջ ճարպերի քանակի հսկողությունը։ «Տոցիլիզումբը» հաստատվել է կորտիկոստերոիդ կախյալ Համակարգային Յուվենիլ Ւդիոպաթիկ Արթրիտով, ինչպես նաև պոլիարտիկուլյար Յուվենիլ Ւդիոպաթիկ Արթրիտով հիվանդների բուժման համար, ովքեր պատասխան չեն տալիս այլ դեղերի, ինչպիսին է «Մետոտրեքսատը»։
Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող կենսաբանական դեղերի առանձին խումբ է ուռուցքի քայքայման գործոնի պաշարիչները՝ TNF-պաշարիչներ, որոնք արգելակում կամ խոչընդոտում են TNF-ի կապմանը իր ընկալիչի հետ՝ այդպիսով արգելակելով կամ թուլացնելով բորբոքային պրոցեսը, որն ընկած է Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի հիմքում։
Այս խմբին է պատկանում «Էթաներսեպտը», որը նշանակվում է ենթամաշկային ներարկումների ձևով, ինչը կարող է կատարվել նաև տան պայմաններում պացիենտի կամ հարազատների կողմից։ Կողմնակի ազդեցություններից կարող են ի հայտ գալ տեղային ռեակցիաներ (կարմրություն, քոր, այտուց) ներարկման տեղում, բայց, սովորաբար, դրանք կարճատև են և մեղմ արտահայտված: «Էթաներսեպտը» ցուցված է հիմնական մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի պոլիարտիկուլյար ձևի դեպքում այն երեխաների մոտ, ովքեր չեն պատասխանում այլ դեղերին, օրինակ՝ «Մետոտրեքսատին»: Այն նաև օգտագործվում է (առանց ճշգրիտ ապացուցված տվյալների) ՅԻԱ-ի հետ կապակցված ուվեիտի բուժման համար, այն դեպքերում, երբ «Մետոտրեքսատը» և տեղային ստերոիդներով բուժումը անարդյունավետ են: Բայցի տեղային կողմնակի ազդեցություններից՝ կարող են լինել նաև ընդհանուր օրգանիզմի կողմից առաջացած փոփոխությունները, որոնց կապակցությամբ պացիենտը պետք է լինի մշտական հսկողության տակ հիմնական բուժող բժշկի կողմից։
TNF-պաշարիչների խմբին պատկանող հաջորդ դեղը «Ինֆլիքսիմաբն է», որը քիմերիկ (դեղի մի մասնիկը վերցված է մկան սպիտակուցից) մոնոկլոնալ հակամարմին է: Մոնոկլոնալ հակամարմինները կապվում են TNF-ի հետ՝ այդպիսով արգելակելով կամ թուլացնելով բորբոքային պրոցեսը։ «Ինֆլիքսիմաբը» նշանակվում է ներերակային ներարկումների ձևով, սովորաբար, ամեն 8 շաբաթը մեկ անգամ և զուգորդվում է «Մետոտրեքսատի» հետ՝ պակասեցնելու համար կողմնային ազդեցությունները: Կողմնային ազդեցություններից հատկապես ներարկման ընթացքում կարող են առաջանալ տարբեր ծանրության ալերգիկ ռեակցիաներ (շնչառության դժվարացում, մաշկի վրա կարմիր ցան, քոր), որոնք հեշտությամբ բուժվում են, կամ ծանր ալերգիկ ռեակցիաներ (արյան ճնշման անկում) և շոկի առաջացման վտանգ: Այս ալերգիկ ռեակցիաների առաջացումն ավելի հավանական է առաջին ներարկումից հետո և պայմանավորված է դեղանյութի մոլեկուլների նկատմամբ հակամարմինների առաջացումով։ Այդ մոլեկուլները ստանում են մկներից, փաստորեն, օրգանիզմում դրանց նկատմամբ իմունիտետ է առաջանում: Օգտագործվում է մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ։ «Ինֆլիքսիմաբը» հաստատված չէ Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի համար և կիրառվում է գրանցումից դուրս (այսինքն՝ դեղի պիտակի վրա բացակայում է նշում ՅԻԱ-ի ժամանակ օգտագործելու համար):
Հաջորդը «Ադալիմումաբն» է՝ մարդկային մոնոկլոնալ հակամարմին։ Նշանակվում է ենթամաշկային ներարկումների ձևով 2 շաբաթը մեկ անգամ, սովորաբար, զուգակցում են «Մետոտրեքսատի» հետ: Կողմնային ազդեցություններից կարող են ի հայտ գալ տեղային ռեակցիաները (կարմրություն, քոր, այտուց) ներարկման տեղում, բայց, սովորաբար, դրանք կարճատև են և մեղմ արտահայտված: Ցուցված է Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի պոլիարտիկուլյար ձևի դեպքում այն երեխաների մոտ, ովքեր չեն պատասխանում այլ դեղերին, օրինակ՝ «Մետոտրեքսատին»: Այն օգտագործվում է (առանց ճշգրիտ ապացուցված տվլաների) ՅԻԱ-ի հետ կապակցված ուվեիտի բուժման համար, այն դեպքերում, երբ «Մետոտրեքսատը» և տեղային ստերոիդներով բուժումը անարդյունավետ են:
Քանի որ TNF-պաշարիչների փորձը դեռ նոր է, իրական երկարաժամկետ անվտանգության տվյալներ ներկայումս չկան:
Այլ բնույթի ազդեցություն ունեցող կենսաբանական դեղերից են «Անակինրան», որը հանդիսանում է բնական սպիտակուցային մոլեկուլի (IL-1 ընկալիչի անտագոնիստ) վերակոմբինացված տարբերակը։ Այն ազդում է IL-1-ի վրա՝ արգելակելով բորբոքային պրոցեսը, մասնավորապես, Համակարգային Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի և աուտոբորբոքային սինդրոմների, ինչպես օրինակ, Կրիոպիրին կապակցված համախտանիշի (CAPS) ժամանակ՝ սկսած 2 տարեկան հասակից: Այն հաճախ օգտագործվում է չհաստատված կարգով (այսինքն բուժման ցուցում չունի) կորտիկոստերոիդ կախյալ Յուվենիլ Ւդիոպաթիկ Արթրիտով հիվանդների մոտ և որոշ այլ աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ:
Կանակինումաբը ինտերլեյկին 1 (IL1) կոչվող սպիտակուցային մոլեկուլին բնորոշ երկրորդ սերնդի մոնոկլոնալ հակամարմին է, որը զգալիորեն ճնշում է բորբոքային պրոցեսը, մասնավորապես, Համակարգային Յուվենիլ Ւդիոպաթիկ Արթրիտի և որոշ աուտոբորբոքային հիվանդությունների, ինչպես օրինակ, Կրիոպիրին կապակցված համախտանիշի (CAPS) ժամանակ:
Ընդհանուր առմամբ, բոլոր կենսաբանական դեղերը ենթադրում են ինֆեկցիաների զարգացման բարձր ռիսկ: Հետևաբար, կարևոր է պնդել, որ պացիենտը/ ծնողը լինեն տեղեկացված և կատարեն կանխարգելիչ միջոցառումներ, ինչպիսիք են պատվաստումները (իմանալով, որ կենդանի թուլացված պատվաստանյութերը խորհուրդ են տրվում միայն բուժումը սկսելուց առաջ, մինչդեռ, այլ պատվաստումներ կարելի է կատարել բուժման ընթացքում): Տուբերկուլյոզի սկրինինգը (տուբերկուլյոզի մաշկային թեսթը կամ PPD) նույնպես պարտադիր է նրանց համար, ովքեր պատրաստվում են ստանալ բուժում կենսաբանական դեղերով, քանի որ այս պացիենտների մոտ առանձնապես բարձր է զգայնությունը տուբերկուլյոզի նկատմամբ: Սովորաբար, պացիենտի մոտ որևէ ինֆեկցիոն պրոցեսի զարգացման դեպքում կենսաբանական դեղերով բուժումն անմիջապես դադարեցվում է, սակայն դադարեցումը նախօրոք պետք է քննարկվի բուժող բժշկի հետ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:
Հետևեք մեր հրապարակումներին և ծանոթացեք Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող դեղերին, ինչպես նաև վերականգնողական միջոցառումներին։