26/05/2022 19:45
Բշտիկներ՝ մեջքին․ ինչու են առաջանում և ինչպես ազատվել դրանցից
Բշտիկներ կարող են հայտնվել մարդու մարմնի տարբեր հատվածներում, սակայն ամենից հաճախ դրանք հայտնվում են այն տեղերում, որտեղ ճապագեղձերն ամենաշատն են։ Առաջին տեղում դեմքն է, ապա՝ մեջքը, հատկապես դրա վերին մասը։
Մեջքի վրա բշտիկներ հայտնվում են ճարպագեղձերի բորբոքման պատճառով։ Դրանք կարող են առաջանալ նաև, եթե մարդը գենետիկ հակվածություն ունի։
Բշտիկների առաջացման մյուս հիմնական պատճառներն են մարմնի հիգիենան չպահպանելը, ընդունած դեղորայքը, հորմոնալ փոփոխությունները, ոչ ճիշտ սննդակարգը։
Ապացուցված է, որ հագեցած ճարպերով հարուստ սնունդն օրգանիզմում ակտիվացնում է բորբոքային պրոցեսները, ինչն իր հերթին ակնեի առաջացման պատճառ է դառնում։ Քացրավենիքն ու պարզ ածխաջրերը նույնպես մեծացնում են մաշկային խնդիրների առաջացման հավանականությունը։
Եթե մեջքին ցան է հայտնվել, սննդակարգում պետք է բացառել բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքը՝ քացրեղենը, սպիտակ բրինձը, բարձրակարգ ցորենի ալյուրից խմորեղենը, փափուկ ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենը, շոկոլադը, գազավորված ըմպելիքները, «արագ սնունդը», խոզի և գառան յուղոտ միսը։
Ակնեի թեթև ձևից՝ թեթև ցանից, փոքր բշտիկներից ու սև կետերից հնարավոր է ազատվել ինքնուրույն՝ նաև հիգիենայի պահպանման պարզ կանոններին հետևելով։
Հարկավոր է ամեն օր լոգանք ընդունել, հատկապես, եթե քրտնարտադրությունն առատ է։ Լոգանք ընդունելիս սպունգով պետք է մաքրել մեջքի բոլոր, նաև դժվար հասանելի հատվածները։
Եթե մարզասրահ եք այցելում, պետք է կրել բնական կտորից, փափուկ շապիկ, որը կլանում է խոնավությունը։ Հարկավոր է հաճախ փոխել ամենօրյա հագուստը, ավելի հաճախ այն լվանալ, ինչպես նաև ավելի հաճախ փոխել սպիտակեղենն ու անկողինը։
Եթե բշտիկները շատ չեն և մեծ չեն, դրանցից հնարավոր է ազատվել ինքնուրույն՝ առանց մաշկաբանին դիմելու, բայց եթե խնդիրը խորացել է, ապա բժշկին դիմելը պարտադիր պայման է։
Մաշկաբանները մեջքի բշտիկներից ազատվելու համար խորհուրդ են տալիս օգտվել բենզոիլ պերօքսիդ պարունակող միջոցներից, քանի որ դրանք «սպանում» են մաշկի բակտերիաները։
Սալիցիլաթթուն ևս համարվում է բշտիկներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Ակնեի դեմ գրեթե բոլոր դեղամիջոցները սալիցիլաթթու են պարունակում։ Սակայն սալիցիլաթթուն չարաշահել չի կարելի, քանի որ այն մաշկը չորացնելու հատկություն ունի։
Բժշկին դիմել հարկավոր է, եթե բշտիկները շատ են, մեծ, ցավոտ ու թարախակալած։
Այսպիսի դեպքերում մաշկաբանը պետք է հետազոտություն անցկացնի, ախտորոշի պատճառն ու բուժում նշանակի։ Մաշկաբանը թե՛ արտաքին օգտագործման միջոցներ՝ գելեր, քսուքներ, թե՛ դեղորայքային բուժում է նշանակում։
Ծանր և խորացված դեպքերի համար բժիշկը շատ ավելի ուժեղ դեղամիջոցներ կարող է նշանակել, որոնք ինքնուրույն ընդունել չի կարելի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։