26/05/2022 20:15
Կարճահասակության «մեղավորները». տեսակները, ախտորոշումը
Աճի հորմոնն (սոմատոտրոպ հորմոն) անմիջական ազդեցություն ունի օրգանների բնականոն զարգացմանը։ Կարող է լինել ինչպես աճի հորմոնի գերարտադրության, այնպես էլ թերարտադրություն։
Գերարտադրությունը վաղ մանկական շրջանում կարող է հանգեցնել հսկայության, թերարտադրությունը՝ կարճահասակության։ Տղամարդկանց դեպքում կարճահասակություն ընդունված է համարել 130 և ցածր հասակը, կանանց դեպքում՝ 120 և ցածր հասակը։
Աճի հորմոնի դեֆիցիտով պայմանավորված ոչ միայն դիտվում է կարճահասակություն, այլ նաև ֆիզիոլոգիական պրոցեսների դանդաղում, սեռական գեղձերի, վահանձև գեղձի անբավարարություն։
Աճի հորմոնի դեֆիցիտը կարող է լինել բնածին՝ գենային մուտացիայի հետևանքով։ Աճի հորմոնի դեֆիցիտը, եթե բնածին է, մինչև երկու տարեկանը չի արտահայտվում։ Երկու տարեկանից հետո հասակը հապաղում է։
Աճի հորմոնի դեֆիցիտի պատճառներից են նաև գլխուղեղի ուռուցքները, որ ճնշում են հիպոֆիզը (ներզատական գեղձ, որ կարևոր դեր ունի հորմոնալ կարգավորման գործընթացում)։
Անեմիան (սակավարյունությունը), սննդի անբավարարությունը, հիպոթիրիոզը (վահանաձև գեղձի հորմոնների անբավարարություն) ևս կարճահասակության պատճառներ կարող են լինել, բայց այս դեպքերում կարճահասակությունն այնքան արտահայտված չէ, որքան աճի հորմոնով պայմանավորված դեպքերում։
Կարևոր է տարանջատումը՝ հավասարաչափ կարճահասակություն (մարմնի վերին և ստորին սեգմենտները հավասար են), ոչ հավասարաչափ կարճահասակություն. եթե երեխայի վերջույթները իրանի համեմատ կարճ են, այդ սեպքում ոսկրային անոմալիաներ են, և ոչ աճի հորմոնի դեֆիցիտ։ Վերջինիս բնորոշ է հավասարաչափ կարճահասակությանը. երեխաներն ունեն յուրահատուկ արտաքին, դիմային ոսկորները թերզարգացած են։
Աճի հորմոնի անբավարարությունը ոչ միայն ազդում է հասակին, այլ նաև ներքին օրգաններին. եթե երեխան 10 տարեկան է, բայց հասակը 5 տարեկանի է, ապա այդ երեխայի ներքին օրգանների կառուցվածքն էլ համապատասխանում է 5 տարեկանի օրգանների կառուցվածքին։
Ծնողները պետք է հետևողական լինեն երեխայի հասակի փոփոխության արագությանը՝ ամրագրելով վեց ամսվա, մեկ տարվա ցուցանիշները։ Երեքից մինչև ութ տարեկան նորմայում գրանցվում է 5-ից 7 սմ աճ։ Եթե երեխայի հասակը վերջին մեկ տարում ավելացել է ընդամենը 1-2 սմ-ով, ապա այն ահազանգ է բժշկին դիմելու համար։
Հնարավոր է հասնել լավ արդյունքի, եթե կարճահասակությունը ժամանակին ախտորոշվի և ճիշտ բուժում նշանակվի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։