26/05/2022 19:00
Եթե կառավարման կենտրոն և տվյալների հասանելիություն չունենք, ի՞նչ օգուտ, որ արբանյակն իրեն-իրեն պտտվի. Արեգ Միքայելյան
Հայաստանի՝ արբանյակ ունենալը կարևոր քայլ է, բայց քանի դեռ հստակ չի հայտարարվել՝ ամբողջովի՞ն, թե՞ ինչ-որ մասնաբաժնով է երեկ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված արբանյակը հայկական, չարժե շատ ոգևորվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
«Նորմալ, այսինքն՝ լուրջ գործառույթներ իրկանացնող երկրակայուն արբանյակները 200-250 միլիոն դոլար արժեն։ Մեր կառավարությունը երբեք որևէ գումար չի հատկացրել, որպեսզի Հայաստանն արբանյակ ունենա։
Հիմա էլ դեռ այդ ինֆորմացիան վերջնական չհամարենք, որովհետև չեմ հավատում, որ ինքներս արբանյակ կառուցած լինենք։ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ էլ նշվում է, որ իսպանական «Սանտլանտիս» ընկերության մասնակցություն է եղել և մյուս կողմից՝ արբանյակը բաց է թողնվել Իլոն Մասկի կողմից (նկատի ունի «SpaceX» ընկերության տիեզերանավով՝ խմբ)։
Այսինքն՝ հնարավոր է՝ արբանյակը մասնաբաժնով է հայկական, մերոնք ինչ-որ մշակումներ ունեն։ Դրա համար էլ այս ինֆորմացիան դեռ վերջնական չհամարենք, մինչև ամեն ինչ հստակ հասկանանք»,- ասաց Արեգ Միքայելյանը։
Բյուրականի աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ այն, որ Հայաստանն արբանյակ ունի, չի կարելի ստույգ պնդել, քանի որ արբանյակ ունենալ՝ նշանակում է ամբողջովին տիրապետել դրա կառավարմանը և հասանելիություն ունենալ տվյալներին։
«Հայկական արբանյակ կոչվելու համար այն պետք է ծառայի ՀՀ շահերին։ Հիմա այդ արբանյակի մի փոքր տոկո՞սն է գուցե հայկական։ Բայց չի հայտարարվում, թե մեր մասնաբաժինն այդտեղ որքան է։
Իսկ մենք տվյալների հասանելիություն հաստատ չունենք, որովհետև նախ հայտարարվեց նաև, որ կառավարման կենտրոն, իբր, եկող տարի է նախապատրաստվում։ Դե, եթե չունենք դա, այդ արբանյակն իրեն-իրեն պտտվի, ի՞նչ օգուտ։ Դա նշանակում է, որ տվյալների հասանելիությունն ուրիշների կողմից է, իսկ դա ավելի վատ է մեզ համար. կոպիտ ասած՝ ավելի լավ է չունենանք, քան ունենանք, և տվյալներին ուրիշները տիրապետեն։
Չէ՞ որ այդտեղ գաղտնիության, ռազմական հարցեր կան. արբանյակի նշանակությունը կարող է բազմատեսակ լինել՝ ռազմական, գիտական, տնտեսական, օթերևութաբանական, քարտեզագրական և այլն։
Իհարկե, արբանյակ ունենալը մեզ համար շատ ձեռնտու կլինի, որովհետև այլ պարագայում այդ տվյալները ստիպված ենք ուրիշներից գնել»,- ասաց Միքայելյանը՝ նշելով, որ քանի դեռ կառավարությունը հստակ ինֆորմացիա չի տրամադրում Երկիր մոլորակի ուղեծիր արձակված արբանյակի գործառույթների մասին, կարելի է միայն ենթադրել, որ դրա տրամադրած ինֆորմացիան նաև ռազմական նպատակներով է օգտագործվելու։