26/05/2022 14:31
Ջհանգիրյանը բողոքի ակցիայի մասնակից ծնողներին հորդորել է իրենց պահանջները ներկայացնել դատարանին՝ դատավարական կարգով
44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները դուրս եկան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից։
«ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացրինք մեր պահանջները։ Լսվեց մեր գլխավոր պահանջը, որ դատական նիստերը պետք է դռնբաց տեղի ունենան։ Լսվեց նաև մեր բողոքը գործող դատավորի նկատմամբ, որ գործող դատավորի մոտ տեսնում ենք բացահայտ բացասական վերաբերմունք ծնողների ներկայությամբ ու, ընդհանրապես, և մեզ խորհուրդ տրվեց, որ մենք այդ ամենը դատավարական կարգով անենք։ Քանի որ մենք ճանաչված չենք որպես երրորդ անձ, այսինքն՝ դատավարության կողմ, հետևաբար, մենք իրավունք չունենք այդ միջնորդությունը ներկայացնելու։ Հաջորդ նիստի օրը՝ մայիսի 30-ին, պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ որպես մեղադրող և Հակոբ Մարտիրոսյանը՝ որպես փաստաբան, կներկայացնեն միջնորդությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նա նշեց, որ եթե այդ ամենից հետո իրենց ցանկությունը չբավարարվի, ծնողները դարձյալ կգան ԲԴԽ նախագահի մոտ։
Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների ծնողները հանդիպել էին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին՝ ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: