26/05/2022 12:17
Տվյալները լավատեսական են. խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց տնտեսական ցուցանիշներին։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ապրիլ ամսվա վիճակագրական տվյալները։ Ըստ Փաշինյանի՝ տվյալները լավատեսական են։
«Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե խնդիր են դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել։
Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի ապրիլի արդյունքներով՝ Հայաստանում կա գրանցված ու աշխատավարձով վճարվող աշխատավարձերի նոր բացարձակ ռեկորդ՝ 664 հազար 736 աշխատատեղ։
Նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 հազար դրամ, իսկ 2018-ի ապրիլի նկատմամբ՝ 60 հազար դրամ։
Փաշինյանն ասաց, թե մոտ 28 միլիարդ դրամով պակաս ծախս են կատարել։ Եթե առաջին եռամսյակում կատարեին, հաստատ կլիներ ոչ թե 8.6 տոկոս տնտեսական աճ, այլ՝ շատ ավելին՝ 9.6 տոկոս։