26/05/2022 19:00
Փաշինյանը Չեռնոգորիայի նախագահին դիմավորել և ընդունել է կառավարության շենքի հետնամուտքում
Կառավարության շենքի մոտ շարունակվում է պայքարի դուրս եկած քաղաքացիների բողոքի ակցիան։ Հանրապետության հրապարակում գտնվող քաղաքացիները մինչ այդ հայտարարել են, որ Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահին և ողջ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ցանկանում են փոխանցել հայ ժողովրդի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ՀՀ շահերն ու հայ ժողովրդի կամքը։
Քանի որ կառավարության մուտքը բողոքի գործողություն իրականացնողների և ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից փակ է, Նիկոլ Փաշինյանը Չեռնոգորիայի նախագահին դիմավորել է շենքի հետնամուտքում։
«Քիչ առաջ տեղեկացանք, որ հետևի մուտքով կարողացել են մտցնել կառավարության շենք»,- Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին դիմելով՝ տեղեկացրեց Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
«Հետնամուտքով ընդունում են այլ երկրի նախագահին։ Դու հյուր ընդունել էլ չգիտես»,- հավելեց նա։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց նաև Փաշինյանի խոսքը, թե պայքարը «կմաշվի»։
«Հիշու՞մ եք՝ ինչ էր ասում․ մի քիչ էլ թող քայլեն, «մաշվեն», գնան տուն։ Հիմա տես ու զգա՝ ով է մաշվում ու մաշվելու մինչև վերջ»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ընդդիմադիր գործիչը։