26/05/2022 11:32
«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են. աջակցում են 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատներին
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։
«Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին՝ ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
«Ինչո՞ւ մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչել։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին», - լրագրողների հետ զրույցում ասաց հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ, և իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները, անվստահություն են հայտնում։