26/05/2022 11:22
Կարևոր լուր ունեմ հայտնելու. Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կարևոր լուր ունի ասելու։
«2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել. սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, ու մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե իրենց առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը։
«Առաջիկայում Հայաստանում կստեղծվի Արբանյակի կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումն ու տիեզերալուսանկարների ստացումը, պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման ու փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար։ Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության, ու այլ ոլոտներում» ,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի ու այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել ու 2020 թվականի մարտի 6-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները։
Վարչապետը հայտարարեց, թե սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի «Սթարմյուզ» գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից։
Նա ասաց, թե այդ օրերին Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալ հարուստ գիտական ու տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով ու ապագայի տեսլականով։
«Ամփոփելով արբանյակի բացթողնման թեման՝ ասեմ, որ երեկ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Հայաստանի առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնի ու այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկություն չի հրապարակվել»,-ասաց վարչապետը։