26/05/2022 20:50
Արցախականությունը կարող է լինել Արցախի ու Մայր Հայաստանի ռազմավարական զարգացման գաղափարախոսական առանցքը․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին:
Արտակ Բեգլարյանը մի քանի ուղղություններով ներկայացրել է պետության առջև ծառացած մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները՝ համընդգրկուն վերլուծելով անվտանգային, ժողովրդագրական, տնտեսական, կառավարման, կրթական, գաղափարական ու արտաքին քաղաքական ոլորտներն ու ռազմավարական մոտեցումները:
«Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ազգի համար, և այդ բացառիկության կամ արցախականության հիմքերը համապարփակ են, ներառյալ՝ պատմամշակութային, ժողովրդագրական, պետականակերտման, անվտանգային, ռեսուրսային ու ինքնության: Արցախականությունը կարող է լինել Արցախի ու Մայր Հայաստանի ռազմավարական զարգացման գաղափարախոսական առանցքը, և այդտեղ կայուն անվտանգությունը առաջնային պարտադիր պայմանն է: Անվտանգության ապահովման պայմաններում կկարողանանք մնացած ոլորտներում ևս շարունակել ու զարգացնել մեր ընտրած ճանապարհն ու պայքարը, և, համոզված եմ, երկարաժամկետ կտրվածքում կհասնենք հաջողության»,- նշել է պետական նախարարը:
ԱրՊՀ խորհրդի նախագահն ուսանողներին կոչ է արել ավելի նախաձեռնողականություն ու հետևողականություն ցուցաբերել ինչպես գիտակրթական արդյունքների գրանցման, այնպես էլ հանրային նշանակության տարաբնույթ խնդիրների լուծման առումով: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ Արցախում կրթության բնագավառում քաղաքականությունը վերանայվելու է ըստ առկա ու ապագա մարտահրավերների՝ կիրառելով ռազմավարական մոտեցումներ:
Հարցուպատասխանից ու շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը հաջողություն է մաղթել ուսանողական համագումարի աշխատանքներին՝ ուսանողների հետ հետագա քննարկումների ու տարբեր ձևաչափերով շփումների պատրաստակամությամբ: