26/05/2022 19:38
Հայաստանից, Վրաստանից ու Թուրքիայից Ռուսաստան բեռներ տեղափոխող հազարավոր բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետում․ «Վեդոմոստի»
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարներ կուտակվելու և բեռների տեղափոխումը ժամանակին չիրականացնելու պատճառով բեռնափոխադրողներն օրական միջինը 600-700 եվրոյի վնաս են կրում, գրել է ռուսական «Ведомости» պարբերականը՝ հղում անելով բեռնափոխադրող ընկերություններին։
Ռուսաստանի լոգիստիկ կենտրոններից մեկի ներկայացուցիչը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ամիսներ շարունակվող խնդիրը դժվարություններ է առաջացրել, մեծ բեռնատարների ժամանման ժամկետը 30-40 օր է կազմում։
Ըստ «Ведомости»-ի տվյալների՝ Ռուսաստան մուտք գործելուն այժմ սպասում են 3 000-ից ավելի բեռնատարներ, որոնք ապրանքներ են տեղափոխում Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից։
Բեռնատարների համար հասանելի է Ադրբեջանով երթուղին, բայց այն շատ երկար է և ինքնաբերաբար՝ ազդեցություն կունենա տեղափոխվող ապրանքների ինքնարժեքի վրա։