26/05/2022 14:38
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին՝ նրան հրավիրելով Հայաստան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերընտրված գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:
Քննարկել են այն հարցերի շրջանակը, որով պետք է աշխատեն` ի օգուտ բնակչության առողջության բարելավման:
«Նշել եմ վերջին տարիներին ձեռնարկած բարեփոխումները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթաց, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում, առողջ ապրելակերպի խրախուսում և խթանում, որոնք միտված են առողջության բարելավմանն ու պահպանմանը, ինչպես նաև համակարգի զարգացմանը: Հատկանշական է, որ մեր առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ու համարժեք են միջազգային, մասնավորապես` զագացած երկրների միտումներին»,-- հայտնել է Ավանեսյանը։
Նա դոկտոր Թեդրոսին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերին անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների դարավոր հարաբերություններին, ովքեր ունեն շատ ընդհանրություններ:
«Դոկտոր Թեդրոսի հետ հատկանշել ենք, թե ինչքան խորն է մեր ժողովուրդների միջև պատմական անցյալը», - նշել է նախարարը։