26/05/2022 16:55
Շառլ Միշելը կրկնում է Ալիևի տեսակետը՝ ակնարկելով, որ ԼՂ-ն, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։
«Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։
Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն մղեն երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար․ զոհաբերել է ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։
Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։
Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։
2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։
Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա.
• ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։
• Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։
• Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։
• Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։
• Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական քաղաքականության բոլոր դրսևորումները։
• Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը», - ասված է հայտարարությունում։