27/05/2022 18:30
Ածիկի բաղադրության կազմն ու օգտակար հատկությունները
Ածիկը հացահատիկի՝ հիմնականում գարու հատիկների արհեստական բողբոջման արդյունք է։ Ածիկն օգտագործվում է խմորիչի արտադրության, թխման, թորման (ալկոհոլի արտադրություն), գարեջրագործության մեջ։
Ածիկի արտադրությունը պահանջում է մի շարք կանոնների պահպանում՝ հիմնականում հատուկ մաքրություն, քանի որ բարձրորակ արտադրանքի երաշխիքը կախված է ճիշտ պատրաստված ածիկից։ Լավ ածիկը հաճելի հոտ ունի, հակառակ դեպքում, դա ցույց է տալիս նրանում բորբոս սնկերի առկայությունը, որոնք ձևավորվել են բողբոջման, կամ արտադրանքի ոչ պատշաճ պահպանման ժամանակ: Որակյալ ածիկի համը քաղցր է. թթու և դառը համը վկայում է անորակ արտադրանքի մասին:
Գարեջրի արտադրության մեջ ածիկը հիմնական բաղադրիչն է։ Գարեջրի տեսակը որոշվում է ածիկի հոտով, համով և գույնով։ Տեսակներ, որոնք ունեն բարձր ցուցանիշներ, արտադրվում են գարու ածիկից։
Թխելու ժամանակ ածիկի էքստրակտը լավացնում է ալյուրի որակը. այն ուժեղացնում է ջրի կլանումը, ապահովում խմորի առաձգականությունը, ուժեղացնում է նաև խմորման գործընթացը և բարելավում հացի բաղադրության կառուցվածքը։
Ածիկի օգտագործումը մեծացնում է թարմ թխած հացամթերքի պահպանման ժամկետը: Այն տալիս է բնական բուրմունք, համ և քաղցրություն: Ածիկն օգտագործվում է նաև առօրյա սննդի պատրաստման մեջ՝ աղցաններ, տարատեսակ ուտեստներ, մրգային խյուսեր և այլն։
Իր արժեքավոր սննդային հատկությունների շնորհիվ ածիկը դրական է ազդում մեր օրգանիզմի վրա. հարուստ է միկրոէլեմենտներով, լուծվող նյութերով, որոնք առկա են հացահատիկի մեջ և կենսական նշանակություն ունեն մարդու համար:
Ածիկը պարունակում է` մագնեզիում, ֆոսֆոր, սելեն, մանգան, կալցիում, E և B վիտամիններ: Կարևոր է մեծ քանակությամբ սպիտակուցի առկայությունը, որը պարունակում է մի շարք էական ամինաթթուներ: Դրանք էլ իրենց հերթին խթանում են մարդու օրգանիզմում սպիտակուցային նյութափոխանակությանը՝ նպաստելով մկանների զարգացմանն ու աճին։
Գարու ածիկը օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։ Հատիկները պարունակում են չլուծվող մանրաթել, որը խթանում է մարսողությունը, լավացնում է աղիների աշխատանքը, մաքրում օրգանիզմը կուտակված տոքսիններից: Գարու հատիկը պարունակում է վիտամին B4 (խոլին) և սննդային մանրաթելեր, դրանք կանխում են մարդու լեղապարկում քարերի առաջացումը։ Առկա վիտամինները՝ B2, B3, A և E, ստամոքսի և աղիքների լորձաթաղանթի վնասված հատվածների վրա ունեն ապաքինող և պատող ազդեցություն:
Ամեն օր գարու ածիկի թուրմ օգտագործելու դեպքում, կբացառեք գաստրիտի, էնտերոկոլիտի, ստամոքսի խոցի, խոլեցիստիտի, լեղուղիների բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը։
Տարեկանի ածիկը ցուցված է թերսնման, սակավարյունության դեպքում՝ որպես բարձր արդյունավետ էներգետիկ մթերք, որն ունի վերականգնող ազդեցություն։ Այն խթանում է նաև նյարդային համակարգը:
Ածիկն օգտակար է հետվիրահատական շրջանում ևս. oգնուիմ է ձերբազատվել ֆիզիկական հոգնածությունից և ծանրաբեռնվածությունից, օգտագործվում է մկանային զանգվածը մեծացնելու համար։
Ածիկը արժեքավոր դիաբետիկ արտադրանք է, քանի որ ածիկի մեջ պարունակվող նյութերը դանդաղեցնում են ածխաջրերի կլանման գործընթացը և օգնում կարգավորել արյան շաքարի մակարդակը, ինչպես նաև՝ ենթաստամոքսային գեղձի կողմից բնական ինսուլինի արտադրությունը:
Հացահատիկային բույսերը հակացուցված են սուր փուլում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ քրոնիկ պանկրեատիտը, բարձր թթվայնությամբ գաստրիտը, քրոնիկ խոլեցիստիտը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։