27/05/2022 17:40
Ի՞նչ գներ են առաջարկում տների մաքրման ծառայությունները Երևանում
Որոշ հայ տանտիրուհիներ չափազանց բծախնդիր են մոտենում տուն մաքրելու գործին, իսկ հաջորդ օրը հարևան-բարեկամների մոտ հոգնած պարծենում են՝ «տունս գեներալնի ուբոռկա արեցի-պլպլացրեցի»։ Բայց քիչ չեն նաև այն կանայք, որոնք հաճույքով օգտվում են տների մաքրման ծառայություններից՝ այսպիսով խնայելով իրենց ժամանակն ու նյարդերը։
Եվ այսպես, ի՞նչ գներ են առաջարկում տների մաքրման ծառայությունները, որքա՞ն գումարով են պատրաստ մաքրուհիները փայլեցնել ձեր տունը՝ մինչև դուք զբաղված եք այլ գործերով։
Երևանում գործող այդպիսի ընկերություններից մեկից Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ գինը որոշվում է ըստ բնակարանի կամ առանձնատան քառակուսի մետրի։
Ըստ այդմ՝ 1ք/մ մաքրելու գին է սահմանված 500 դրամը՝ ներառյալ լոգարանի, խոհանոցի, բոլոր սենյակների մաքրումը։ Գնի մեջ ներառված է նաև ապակիների մաքրումը։ Մաքրող միջոցները և սարքավորումներն ամբողջությամբ տրամադրում է մաքրման ծառայությունը։
Իսկ եթե ուզում եք, որ մաքրուհիները քիմմաքրման ենթարկեն նաև ձեր փափուկ կահույքը, պետք է իմանաք, որ 1 բազմոց, 2 բազկաթոռ մաքրելու համար անհրաժեշտ է հավելյալ 14 հազար դրամ վճարել։
Եթե բնակարանը կամ առանձնատունը մեծ է, ընկերությունը կարող է ուղարկել մինչև 3-4 մաքրուհի։
Նմանօրինակ մեկ այլ ծառայությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ 2 սենյականոց բնակարանը մաքրելու համար կարող են տրամադրել 1 մաքրուհի՝ 8 ժամով։ Մաքրուհին կկատարի արտաքին մաքրում. առանց ընկերության տրամադրած մաքրող միջոցների արեքը կկազմի 8900 դրամ։
Եթե մաքրող նյութերը տրամադրում է ծառայությունը, մաքրման գինը կազմում է 11900 դրամ, փոշեկուլով՝ 16900 դրամ։
«Մաքրմա ծառայութունը ներառում է ամեն ինչ՝ բացի կահույքի դարակների մաքրումից, վարագույրներն արդուկելուց։ Գորգերն էլ միայն փոշեզրկում ենք։ Եթե ցանկանում եք խորքային մաքրում, ապա կարող ենք քիմմաքրման ծառայություն առաջարկել», - նշեցին ընկերությունից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։