27/05/2022 12:24
Կապանում Իրանի հյուպատոսությունը համագործակցությունների նոր հնարավորություն կստեղծի. Դեսպան
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար», - հավելել է նա:
Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:
«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական, և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում», - ասաց նա: