28/05/2022 18:50
Քթային դժվարաշնչություն. բարդացումները, բուժումը
Քթային դժվարաշնչությունը երեխաների և մեծահասակների դեպքում հաճախ դրսևորվող խնդիրներց է, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նորմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անի Մարտիրոսյանը։
Պատճառները՝
• քթի միջնապատի թեքվածություն
• ադենոիդ վեգետացիա
• ստորին խեցիների հիպերտրոֆիա
• քթի հարակից խոռոչների պոլիպներ
Ստորին խեցիների հիպերտրոֆիան հիմնականում բնորոշ է մեծահասակներին, երեխաների դեպքում տարածված է ադենոիդ հյուսվածքի գերաճը։
Ախտանշանները
• Բերանային շնչառություն
• Գլխացավեր
• Սրտի ռիթմի, քնի խանգարումներ
• Կենտրոնացման խնդիրներ
• Հիշողության վատթարացում (գանգատները հիմնականում պայմանվորված են թթվածնաքաղցով):
Միջնապատի թեքության դեպքում բուժումը վիրահատական է, իսկ խեցիների հիպերտրոֆիայի դեպքում վաղ դիմելով հնարավոր է տեղային անզգայացմամբ կրիոդեստրուկցիա, որի ժամանակ իրականացվում է հեղուկ ազոտի միջոցով ստորին խեցիների սառեցում։
Խեցիների հիպերտրոֆիայի լազերային վիրահատական միջամտությունը ևս արվում է տեղային անզգայացմամբ, տևում է 10-15 րոպե, արյունահոսությունը մինիմալ է, տամպոններ չեն դրվում, վերքերն արագ են լավանում։ 1-2 ժամ հետո հիվանդը դուրս է գրվում, հաջորդ օրն էլ կարող է անցնել առօրյային, սակայն ֆիզիկական ծանր աշխատանք որոշ ժամանակ պետք է բացառել։
Բժիշկն ասում է՝ երեխաների դեպքում, եթե միջնապատի խնդիրը խիստ արտահայտված է՝ քթի դեֆորմացիայի է հանգեցնում, խիստ դժվարաշնչության, ապա տարիքը հաշվի չի առնվում, վիրահատություն է կատարվում։
Քթային դժվարաշնչությունը երեխաների դեպքում բացի հիշողության վատթարացումից, գլխացավերից, կենտրոնացման խնդիրներից, հանգեցնում է նաև կծվածքի, ատամնաշարի խանգարումների։
Քթային դժվարաշնչության բարդություններից բժիշկն առանձնացնում է նաև ականջաբորբերը, ֆարինգիտը։ Բերանային շնչառությունը հանգեցնում է կոկորդի լորձաթաղանթի գրգռման, հետևաբար նաև կոկորդի քրոնիկ բորբոքման։ Մինչդեռ քթային շնչառությամբ օդը տաքանում, խոնավանում է, ֆիլտրվում է, ապա նոր անցնում է ստորին շնչուղիներ, իսկ բերանային շնչառության դեպքում այդ փուլը բաց է թողնվում. մեծանում է ստորին շնչուղիների վարակների առաջացման հավանականությունը։
Դժվարաշնչություն հնարավոր է նաև ալերգիաների հետևանքով. տվյալ դեպքում բուժումն արվում է ալերգոլոգի հետ համատեղ։
Դժվարաշնչության դեպքում տարածված է սփրեյների, կաթիլների օգտագործումը։ Սրված վիճակում օգտագործել կարելի է, բայց ոչ ավելի քան 7 օր, սեփական նախաձեռնությամբ սփրեյների երկարաժամկետ օգտագործումը առաջացնում է կախվածություն և խորացնում խնդիրները։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։