28/05/2022 19:40
Երեխաների առողջարար սննդակարգի կարևոր կանոններ
Երեխայի, ինչպես և հասուն մարդու սննդակարգում առաջնային է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի բալանսը։ Կարևոր է նվազեցնել «վատ» ածխաջրերի օգտագործումը։ Ածխաջրերը լինում են լավ կամ վատ, այլ կերպ՝ պարզ կամ բարդ։
Երեխաների սիրելի քաղցրավենիքները գերազանցապես վատ ածխաջրերի աղբյուր են (կազմված լինելով մոնոշաքարներից, անմիջապես ներծծվելով արյան մեջ, կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը)։ Դրանք ճաշացանկի հիմնական բաղադրիչներ չպետք է լինեն, երեխաներին քաղցրավենիքից չզրկելու համար կարելի է առաջարկել ամբողջահատիկ ալյուրից, շաքարի բնական փոխարինիչներով պատրաստված քաղցրավենիք։ Կարտոֆիլը, մակարոնեղենը, տապակած ուտեստները ևս պետք է հնարավորինս նվազեցնել երեխայի սննդակարգում։
Հատկապես փոքրահասակ երեխաների դեպքում ծնողները կարող են օգնել երեխաներին ճիշտ սնվել՝ թաքցնելով իրենց չսիրելի, բայց առողջարար մթերքները սիրելի մթերքներում։
Օրինակ` բանջարեղեն կարելի է աղալ և ավելացնել կոտլետներում։ Ծնողների դերը երեխայի սնվելու մշակույթում խիստ կարևոր է. սեփական օրինակով ծնողները պետք է մոտիվացնեն փոքրիկներին ճիշտ սնվել։ Կան մթերքներ, որ երեխաները չեն սիրում, բայց որոշ ժամանակ անց նախընտրությունները փոխվում են. այս հարցում ևս կարևոր է ընտանիքի սնվելու մշակույթը: Եթե երեխան օրինակ կանաչեղեն չի սիրում, չի նշանակում, որ սեղանին չպետք է դրվի, ավելին՝ ամենօրյա օգտագործմամբ ծնողները ի վերջո երեխայի մոտ ցանկություն են առաջացնում փորձելու։
«Տարիքային» մթերքների հարցում պետք է զգույշ լինել. մինչև երկու տարեկան երեխաների դեպքում ալեգիկ ֆոնը դեռ կայուն չէ, խնդրահարույց մթերքներ (մեղր, ընդեղեն) երեխային պետք է տալ երկու տարեկանից հետո և ոչ մեծ քանակի։
Դպրոցահասակների դեպքում խիստ կարևոր է, որ ծնողները նախապես պատրաստեն նախաճաշի տուփ՝ այդպիսով վերահսկելու երեխայի օրվա սննդակարգը՝ մինչև որ կձևավորվի սեփական փորձառություն։
Նախաճաշի տուփում կարևոր է ներառել մթերքներ, որ ունեն պահպանման երկար ժամկետ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում ուշ են փչանում։ Բանջարեղեն, միրգ, ընդեղեն, չամիչը պետք է անփոխարինելի բաղադրիչներ լինեն լանչբոքսի։ Խիստ կարևոր է նաև, որ երեխան անընդհատ աչքի առջև ջուր ունենա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։