28/05/2022 19:20
Ցելիակիա կամ գլյուտեն անտանելիություն. ախտանշանները, բարդացումները
Ցելիակիան աղիքային, քրոնիկական, աուտոիմուն, ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է։ Առաջանում է, երբ օրգանիզմում չի յուրացվում հացահատիկային մթերքում առկա գլյուտենը, կարող է դրսևորվել տարբեր տարիքային խմբերում։
Մեծ քանակությամբ գլյուտեն պարունակում են հացազգիները, բարձր կոնցենտրացիայով գլյուտեն կա ցորենի ալյուրի մեջ։
Հիվանդության առաջացման հիմնական գործոններից է ժառանգական նախատրամադրվածությունը. աղիներում չի սինթեզվում հացահատիկի գլյուտենը մարսող ֆերմենտը։ Աղիներում ակտիվանում են քիմիական ռեակցիաներ, առաջանում են թունավոր արգասիքներ, վնասվում է աղիների լորձաթաղանթը։
Որպես հետևանք աստիճանաբար բարդանում է նաև այլ սննդանյութերի յուրացումը, դրսևորվում է քրոնիկական լուծ, հազվադեպ՝ փորկապություն, որովայնի շրջանում մշտական ցավ, թերսնված տեսք (մկանային զանգվածը թերզարգացած, վերջույթները բարակ), որովայնի չափերը մեծանում են (սննդանյութերը չեն մարսվում, առաջանում է վքնածություն), ինչպես նաև բնորոշ են հոգնածությունը, աշխատունակության անկումը։
Ցելիակիայի հետևանքներից է նաև անեմիայի (սակավարյունության) առաջացումը։
Երեխաների դեպքում ցելիակիայի ախտանշան կարող է լինել հավելյալ սննդի անցնելուն պես գազիկների, ցավի, լուծի դրսևորումը։
Բուժման հիմնական մեթոդը գլյուտեն ֆրի՝ առանց գլյուտենի սննդակարգն է։
Հիվանդության ախտորոշումը հավաքական է՝ սերոլոգիական ցուցանիշներ, էնդոսկոպիկ հետազոտություններ։ Կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը, հետևողական չլինելու դեպքում կարող են առաջանալ օնկոլոգիական հիվանդություններ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։