28/05/2022 20:30
Ինչպես ճիշտ օգտագործել մազերի յուղը. խորհուրդ է տալիս տրիխոլոգը
Մազերի յուղի հիմնական գործառույթը գլխամաշկի սնուցումն է։ Aysor.am-ի հետ զրույցում տրիխոլոգ Վարդուհի Խաչատրյանը պատմեց մազերի յուղերի և դրանց արդյունավետ օգտագործման մասին։
«Մազերի մակերեսին կա լիպիդային շերտ, և երբ դրա ամբողջականությունը խախտվում է, մազերը արագորեն չորանում են՝ վնասելով գլխամաշկի կառուցվածքը։ Մազերի և գլխամաշկի համար նախատեսված յուղերը վերականգնում են պաշտպանիչ շերտը, մազերը դառնում են առաձգական և հարթ», - ասաց մասնագետը։
Եղանակային փոփոխությամբ պայմանավորված ևս գլխամաշկը ենթարկվում է զգալի վնասման։ Մազերը հատկապես չորանում են ձմռանը՝ ցրտաշունչ օդի և ցածր խոնավության պատճառով։
Վարդուհի Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ սնուցման համար նախատեսված բուսական յուղերը հարմար են բոլոր տեսակի մազերի համար. կարևոր է միայն խելամտորեն ընտրել և օգտագործել այն, որպեսզի չծանրաբեռնվի գլխամաշկը։
«Պետք չէ վախենալ նաև սինթետիկ յուղերից. որպես կանոն, դա դիմետիկոնի (սիլիկոններ) և բնական յուղերի (արգան, հազար, գերչակ և այլն) համադրությունն է, որի բաղադրությունը կարող եք գտնել փաթեթի վրա:
Նման արտադրանքը ավելի թեթև է հյուսվածքով և ոչ այնքան մածուցիկ, որքան 100% բնական յուղերը:
Խտությունը նվազեցնելու համար, կարելի է յուղն ավելացնել այլ միջոցների մեջ, որպեսզի այն ավելի թեթև լինի: Օրինակ՝ դիմակի մեջ՝ սնուցող հատկությունները բարձրացնելու համար, կամ ջերմապաշտպան սփրեյի մեջ», - մանրամասնեց տրիխոլոգը։
Մի քանի պարզ խորհուրդ մասնագետից՝
Եթե յուղը մածուցիկ է, մի՛ քսեք այն չոր մազերին. ավելի լավ է օգտագործել թաց վիճակում։
Մազերի յուղը՝ մազերը հագեցնելու և պաշտպանելու համար քսեք լվանալուց, առնվազն, 20 րոպե առաջ։
Մազերը լվալուց առաջ, չոր գլխամաշկին՝ մազերի երկարությամբ, կարելի է տարածել գերչակի, ձիթապտղի, կոկոսի, արմավենու, ժոժոբայի, ավոկադոյի յուղ, որպեսզի այն հագեցվի և նվազի չորությունը:
Ինչ վերաբերում է ճեղքված ծայրերին, ապա բոլոր յուղերը կատարում են միայն սնուցող գործառույթ, և ոչինչ չի կարող վերականգնել վնասված մազերը:
Յուղի չափաբաժնի մեկ բաղադրատոմս չկա. ամեն ինչ կախված է օգտագործման հետևողականությունից, մազերի խտությունից, երկարությունից և հաստությունից:
Պրոցեդուրան անցնելու լավագույն տարբերակը կլինի մասնագետի հետ ընտրել արտադրանքը և գլխամաշկին համապատասխան բաղադրությունը։
Միշտ հիշե՛ք, որ յուղոտ մազերը չեն լինում, յուղոտ կարող է լինել գլխամաշկը: Թեյի ծառի և խնկունի եթերայուղերը, որոնք տալիս են հակասեպտիկ ազդեցություն, հարմար են ավելորդ յուղը վերացնելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։