28/05/2022 10:12
«Հրապարակ». Բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից և հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում պապիկների նկատմամբ իբր բռնություն գործադրելու շինծու գործով, ինչպես հայտնի է, 7 մեղադրյալ կա, 5-ը կալանավորված: Այդ թվում` դաշնակցական չորս երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, ովքեր մի քանի շաբաթ է՝ գտնվում են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսից «Արթիկ» ՔԿՀ պետը Արման Մելքոնյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին: Նա հայտնի է ընդդիմադիրների նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից և հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին, ինչը նշանակում է, որ նախնական կալանքը կիրառում են որպես պատժամիջոց և փորձում են առավել խիստ ռեժիմում պահել կոնկրետ այս կալանավորվածներին, քան պահում են մյուս կալանավորներին: Դա կարող է արտահայտվել սննդի ու հանձնուքի թույլատրություններում, բարեկարգ խցի փոխարեն անբարեկարգ խցում պահելու, տեսակցությունները արգելելու և այլ մեթոդներով: Անգամ ներքնակների ու մահճակալների փափուկ ու չոր լինելու հարցում, կալանավայրի ադմինիստրացիան խտրականություն է դնում և արտոնյալ պայմաններ ստեղծում կամ զրկում այդ պայմաններից»։