28/05/2022 18:30
«Ոչ մեկին թույլ չենք տալու խլել քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը»․ Ստեփանակերտում հանրահավաք է
Մայիսի 28-ի՝ անկախության, Հանրապետության տոնի արժեքը հիմա առավել ենք գիտակցում, որովհետև կանգնած ենք պետականությունը կորցնելու ճանապարհին, Ստեփանակերտում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այսօր այն, ինչը տեղի է ունենում Ստեփանակերտում, վառ ապացույցն է նրա, որ հայը չի հանձնվելու և թույլ չի տալու, որ ինչ-որ մարդիկ իր փոխարեն որոշումներ կայացնեն, կործանեն մեր երկու պետություններն ու խլեն մեզանից այդքան պանծալի ձևով ձեռք բերված պետականությունը»,- շեշտեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը նշեց նաև՝ ՀՀ իշխանությունները, խոսելով Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, փորձում են իրականացնել Ադրբեջանի ուղիղ ցանկությունները։
«Ոչ մեկն ընդհանրապես չի կարող խոսել նշաձող իջեցնելու մասին, որովհետև այն, ինչն այսքան տարիներ բանակցային գործընթացում փորձել ու հաջողություններ ենք ունեցել, որպեսզի ինքնորոշման իրավունքի հենքի վրա մեր անկախության ճանաչումը ձեռք բերենք, դա ամենացածր նշաձողն էր, որը մենք կարող էինք ակնկալել աշխարհից։ Եվ այն, ինչն այսօր ասում է պաշտոնական Հայաստանը, ուղիղ ցիտում է Ադրբեջանի խոսքն ու ցանկությունները, որովհետև նշաձողը դրանից ներքև իջեցնելը նշանակում է ուղղակի որպես փոքրամասնություն՝ իրավունք ունենալ ապրել մեր հայրենիքում, բայց ոչ տիրոջ իրավունքով, ինչը մենք թույլ չենք տալու։
Ոչ թե գնալու ենք մեր հայրենիքից, ինչպես իրենք են ակնկալում, այլ պայքարելու ենք և ոչ մեկին թույլ չենք տալու խլել քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը»,- շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Ստեփանակերտում հանրահավաքը շարունակվում է՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր», «Պայքար» վանկարկումներով։