28/05/2022 15:10
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է:
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:
Ստորև՝ «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները.
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ի՞նչ կասեք այս մասին:
– Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը և հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունը ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից և դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով:
– Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:
– Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին է: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով,Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։