28/05/2022 11:18
Այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն հայկական պետականության գոյության գրավականը. Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով՝ թեև Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն պետություն ունենալու նրա դասերը փոխանցվեցին սերունդներին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի մայիսյան փառապանծ հաղթանակները հնարավորություն ընձեռեցին վեցդարյա ընդմիջումից հետո իրականություն դարձնելու ազգային պետականության գաղափարը։
Թեև Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն պետություն ունենալու նրա դասերը փոխանցվեցին սերունդներին։
20-րդ դարավերջի Արցախյան շարժումը և հետագա հերոսամարտերն ապացուցեցին պատմական ձեռքբերումները պահպանելու մեր կամքը, որը, անկախ որևէ տեսակի փորձությունից, չկոտրվեց և չի կոտրվելու։
2020 թվականի դաժան պատերազմը պատճառեց մեծագույն կորուստներ, սակայն չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը։ Ուրեմն, այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն առհասարակ հայկական պետականության գոյության գրավականը։
Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, մաղթում տոկունություն և դժվարությունները հաղթահարելու անսասան կամք», - նշված է ուղերձում։