28/05/2022 10:16
«Հրապարակ». Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, իսկ Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունն առավել սրվել է: Դա հատկապես արտահայտվում է դեսպանների ակտիվությամբ, որոնք իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, այցելում Փաշինյանին, մասնակցում ինչ որ միջոցառումների։ Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ինչի մասին հաղորդեցին կառավարությունից։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, և փորձում է հավասարակշռել բոլոր կողմերի հետ փոխհարաբերությունները։ Սակայն դատելով կողմերի հրապարակային հայտարարություններից, Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում և օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը դիվանագիտական լեզվով՝ դեղին քարտ էր Փաշինյանին, որ խաղեր չտա ԵՄ-ի հետ․ «Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը», - օրերս հայտարարեց Զախարովան»։