28/05/2022 10:06
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը պետք է միանշանակ հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրերի, նաև նախընտրական ծրագրերի հիմքում»: Այս խոսքերի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին: Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն 2018 թվականին՝ թավշյա հեղափոխության օրերին, արագաչափեր էր փակում լաթի կտորներով և կրկին հայտարարում, որ դրանք վերացնելու են՝ իշխանության գալով: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր մոտեցումը՝ ասելով, թե հանրային արձագանքն ասում է, որ ոչ բոլորն են կողմ այդ մոտեցմանը:
2015-ից առ այսօր, երբ արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, արագաչափերը շարունակում են գործել, և դեռ ավելին՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականին, երբ դեռ նոր էր եկել իշխանության, մերժեց Հանրապետական մի քանի պատգամավորների` 2018 թվականի հունիսին ներկայացրած արագաչափերը վերացնելու առաջարկը: Այս փաստերն ինքնին խոսուն են և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»։