30/05/2022 18:40
Դիֆուզ տոքսիկ խպիպ. ախտանշանները, բուժումը. ներկայացնում է էնդոկրինոլոգը
Էնդոկրին համակարգը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար. կենսական է վահանաձև գեղձի դերը, որն արտադրում է յոդ պարունակող հորմոններ (հիմնականում T4 (թիրոքսին) հորմոն, ավելի քիչ՝ բիոլոգիապես ավելի ակտիվ Տ3 (տրիյոդթիրոքսին)։ Թիրոքսինի և տրիյոդթիրոնինի դերը օրգանիզմում սկսվում է ներարգանդային կյանքից և մարդուն ուղեկցում մինչև մահ՝ տարբեր տարիքային խմբերում ունենալով տարբեր ազդեցություն։
Ներարգանդային կյանքում վահանձև գեղձը նպաստում է պտղի նորմալ, բնականոն զարգացմանը, դեռահասության տարիքում՝ մտավոր և ֆիզիկական աճին, իսկ չափահասների դեպքում ճարպային, սպիտակուցային և ածխաջրային մակարդակով նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության գործընթացներին, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիլիթ Ղազարյանը։
«Գործնականում հաճախադեպ են այնպիսի մոտեցումները, որ եթե հորմոնալ հետազոտությամբ որևէ խնդիր չի հայտնաբերվում, ուրեմն գեղձը որևէ խնդիր չունի։ Սակայն անգամ իդեալական հորմոնալ հետազոտությունների դեպքում հիվանդը կարող է ունենալ կառուցվածքային խնդիր՝ ընդհուպ քաղցկեղ։ Ուստի վերջնական եզրահանգման պետք է գալ հորմոնալ և կառուցվածքային խնդիրների զուգահեռ հետազոտությունների արդյունքում», - նշում է նա։
Ըստ էնդոկրինոլոգի՝ ամենահաճախ հանդիպող կառուցվածքային խնդիրներից է հանգուցային խպիպը։ Վերոնշյալ հավաքական հասկացության մեջ հասկացվում է վահանաձև գեղձի բոլոր օջախային գոյացությունները, որոնց վերջնական տարբերակումը տրվում է բարակասեղային պունկցիոն բիոպսիայի միջոցով (անցավ, անվտանգ և ինֆորմացիոն մեթոդ)։
Վահանձև գեղձում հաճախ հանդիպում են հորմոնալ խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ, որոնցից բավական տարածված է դիֆուզ տոքսիկ խպիպը կամ Գրեյվսի-Բազեդովի հիվանդությունը։ Այն աուտոիմուն հիվանդություն է (օրգանիզմի կողմից սեփական վահանաձև գեղձը ճանաչում է օտար), որի ժամանակ TSH-ի ընկալիչների նկատամբ արտադրված հակամարմինները «նստում» են վանաձև գեղձի բջիջների մակերեսին տեղակայված համապատասխան ընկալիչի վրա և գերխթանում նրա աշխատանքը՝ հանգեցնելով հորմոնի գերարտադրության։ Այս հիվանդության հստակ պատճառները հայտնի չեն (ինչպես բոլոր աուտոիմուն հիվանդությունների դեպքում)։ Սակայն նպաստող գործոններ են սթրեսը, վիրուսային հիվանդությունները, ժառանգականությունը, յոդի ավելցուկը և այլն։
Ախտանշանները
Չկա օրգան-համակարգ, որը այս հիվանդության ժամանակ չընդգրկվի պրոցեսի մեջ։ Հիվանդը կարող է նշել հիվանդության աստիճանական կամ համեմատական սուր սկիզբ, որի ժամանակ գերակայում են հետևյալ գանգատները․ սրտխփոց և ռիթմի խանգարումներ, որոնք կարող են դիտվել նաև հանգիստ վիճակում և անհանգստացնել հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։ Հաճախ դիտվում է նաև ճնշման բարձրացում, գլխացավ, տագնապ և անհանգստություն, էմոցիոնալ անկայուն/ լյաբիլ վիճակ, լացկանություն, ագրեսիա, քնի խանգարումներ, դող մարմնի ներսում և վերջույթներում, քաշի կորուստ, քրտարտադրության ուժեղացում, աղիների հաճախացած աշխատանք, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ, լիբիդոյի և պոտենցիայի իջեցում տղամարդկանց մոտ, երբեմն ջերմության բարձրացում (37․0-37․4 °C) և այլն։
Հիվանդությունն առավել տարածված է կանանց շրջանում, սակայն տղամարդկանց դեպքում ավելի ծանր ընթացք ունի։
Կա հիվանդության բուժման երեք տարբերակ
1. Կոնսերվատիվ կամ դեղորայքային
2. Վիրահատական (գեղձի ամբողջական հեռացում)
3. Ճառագայթային (ռադիոակտիվ յոդի օգտագործում)
Էնդոկրինոլոգ Լիլիթ Ղազարյանը նշում է՝ դեղորայքային բուժումը ամենատարածված տարբերակն է, որը մինչև 20-25% դեպքերում բերում է առողջացման։ Դեղորայքային բուժման ոչ էֆեկտիվության կամ հակացացումների դեպքում դիմում են բուժման այլընտրանքային մեթոդների: Բուժման այս եղանակի տևողությունը 1,5-2 տարի է։
Վիրահատական եղանակի ժամանակ կատարվում է վահանաձև գեղձի ամբողջական հեռացում ՝ հետագա փոխարինող թերապիայով։
Եթե հիվանդը հրաժարվում է վիրահատությունից և կան վիրահատության հակացուցումներ, ապա դիմում են ռոդիոյոդի օգտագործմանը։
Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ բուժման մեթոդի ընտրությունն անհատական է և վերջնական որոշումը կայացվում է բուժող բժշկի կողմից՝ հիվանդի ցանկությունը և հիվանդության առանձնահատկությունները/ նրբությունները գնահատելուց հետո։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։