30/05/2022 20:10
Ինչո՞ւ է երեխաների մոտ շաքարային դիաբետ զարգանում
Շաքարային դիաբետը ամենավտանգավոր հիվանդություններից է, որը հաճախ ասոցացվում է մեծահասակների հետ։ Սակայն այն հանդիպոմ է նաև երեխաների մոտ։ Նման դեպքերում ի՞նչ պետք է իմանան ծնողներն այս հիվանդության մասին։
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է։ Պայմանականորեն դասակարգում են մանկական և տարեցների շաքարային դիաբետի տեսակներ։
Այս հիվանդությամբ կարելի է հիվանդանալ ցանկացած տարիքում։ Երեխաների մոտ շաքարային դիաբետն առավել հաճախ հանդիպում է 4-14 տարեկանում։ Մասնագետների պնդմամբ՝ կանխատեսել կամ կասեցնել այս հիվանդության զարգացումը հնարավոր չէ, սակայն հնարավոր է ժամանակին հայտնաբերել և սկսել երեխային բուժել շաքարային դիաբետի վաղ փուլերում։
Հատկանշական է, որ ընդամենը 100 տարի առաջ՝ մինչինսուլինային ժամանակաշրջանը, շաքարային դիաբետով հիվանդ երեխաները դատապարտված էին դանդաղ մահվան։ Միայն ինսուլինի հայտնագործումից և բժշկության մեջ լայնորեն կիրառելուց հետո (1921 թվական) այս հիվանդությունը դադարեց դատավճիռ լինել հազարավոր երեխաների համար։
Պետք է իմանալ, որ գոյություն ունի շաքարային դիաբետի երկու բարդացում՝ հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ կոմա, որոնք կարող են զարգանալ ոչ բավարար վերահսկողության կամ ուղեկցող հիվանդությունների արդյունքում։ Նման բարդացումներն արագ հոսպիտալացում են պահանջում։
Շաքարային դիաբետի բարդացումներից են համարվում անոթների վնասումը, աչքերի և երիկամների, ինչպես նաև այլ օրգան համակարգի խնդիրները։ Համապատասխան բուժօգնության բացակայության դեպքում կարող է զարգանալ կուրություն, երիկամային անվբավարարություն, մտավոր ունակությունների և հիշողության վատթարացում և այլն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։