30/05/2022 19:17
«Խուլիգանը ոստիկանությունն է, Նիկոլ Փաշինյանն է, իրենց ամբողջ դավաճանական դիվերսիոն խումբն է»․ ընդդիմադիր պատգամավորը՝ խաղաղ ակցիաների մասնակիցներին «խուլիգանության» հանցակազմով հետապնդելու մասին
«Հարուցված քրեական գործը բացարձակ ապօրինի է, ունի քաղաքական ենթատեքստ և դրդապատճառ, դա միանշանակ է»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խաղաղ հավաքների մասնակիցներին «խուլիգանության» հանցակազմով քրեական հետապնդման ենթարկելու փաստին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Խուլիգանությունը ոստիկանությունն է, խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է, խուլիգանը իրենց ամբողջ դավաճանական խումբն է, իրենք բոլորը միասին՝ կազմակերպված խուլիգանական դիվերսիոն խումբ են»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Նա ընդգծեց՝ բոլորով պատասխանատվություն են կրելու հակաօրինական պահվածքի համար։
«Պարտադիր բոլորը պատասխան են տալու այդ խուլիգանական, փողոցային վարքագծի, ոստիկանին ոչ հարիր պահվածքի, մեկ հոգու հրամանով՝ մարդկանց վրա գազազած հարձակվելու, մի քանի հոգով մեկ մարդուն գետնին տապալելու, ոտքերով հրելու, հարվածելու համար։ Սա կապ չունի իրավապահ մարմինների գործունեության հետ, սա նման է բանդայի, երբ բանդայի պարագլուխը հրաման է տալիս իր բանդայի անդամներին՝ հարձակվել իր համար անցանկալի մարդկանց վրա»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ոստիկանության այսօրվա գործողությունները, նրա խոսքով, Փաշինյանի վախերով են պայմանավորված։
«Ուժեղ, լեգիտիմ իշխանությունը կարիք չունի դիմելու նման բռնի գործողությունների»,- նշեց Արթուր Ղազինյանը։