30/05/2022 17:58
Քրեական հետապնդում են սկսել խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ հիմք ընդունելով մեկ ոստիկանի ցուցմունքները՝ մայրաքաղաքի բոլորովին տարբեր հատվածներում «խուլիգանության» վերաբերյալ
Մեր հաշվարկներով՝ 50-60-ից ավելի քաղաքացիներ են պահվում ոստիկանության Էրեբունու բաժնում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով այլ փաստաբանների հետ այստեղ էր՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու այսօրվա ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին։
«Իշխանությունները գնում են մեծագույն դավադրության՝ խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ իբրև խուլիգանության հանցափաստով»,- հայտնեց Կոչուբաևը։
Նա ընդգծեց՝ հիմք են ընդունվել մեկ ոստիկանի ցուցմունքները՝ մայրաքաղաքի բոորովին տարբեր վայրերում ակցիա իրականացնողների կողմից «խուլիգանություն» կատարելու վերաբերյալ։
«Սա՝ այն դեպքում, երբ մի քաղաքացի բերման է ենթարկվել Գարեգին Նժդեհի արձանի մոտից, մյուսը՝ կառավարության շենքի մոտից, մյուսը՝ հրապարակի շատրվանների մոտից։ Այսօրվա ակցիաների մասնակիցներն են։ Հավաքն ընդգրկուն էր, տարբեր վայրերից բերման են ենթարկվել, և այդ մեկ ոստիկանը կարողացել է «նույնացնել», օրինակ, Նժդեհի արձանի դիմաց և կառավարության շենքի մուտքի դիմաց «խուլիգանություն կատարած» անձանց»,- ասաց Կոչուբաևը։
Նա նշեց, որ բոլոր դեպքերում փաստաբանական թիմն աշխատում է՝ քաղաքացիներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար։