30/05/2022 15:55
Ոստիկանները խփել են ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին․ չեն մարսելու. Իշխան Սաղաթելյան
Շատ քաղաքակիրթ կերպով ասել ենք, որ որևէ շենք չենք շրջափակում, այլ պատգամավորները պետք է մտնենք նախարարությունների շենք, հանդիպեն նախարարներին և ասեն՝ այս փաստաթղթի վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնեք, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Բայց քանի որ չունեն դիրքորոշում, կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը ու այդքան համարձակություն չունեն հակադրվելու Նիկոլին, ոչ էլ հակառակը՝ հակադրվելու ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ և թույլ չտալ, որպեսզի պատգամավորները բարձրանան շենք։ Սա խայտառակություն է», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորն ասաց, թե մի քանի հարյուր բերման ենթարկվածներ կան․
«Կիրառել են խայտառակ բիրտ ուժ՝ այդ թվում պատգամավորների նկատմամբ։ Հիմա էլ փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցեն»։
Իշխան Սաղաթելյանը նշեց, թե ոստիկանները հարվածել են պատգամավորներին։
«Խփել են ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին։ Ես դրանք իմ աչքով եմ տեսել, վստահ եմ, որ մնացած պատգամավորներին՝ ևս։ Տեսա Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին։ Շատ հստակ հանձնարարություն են ունեցել, այդ կարմիրբերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից։ Ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր ակնհայտ հանցագործություններով հարձակվում են քաղաքացիների ու պատգամավորների վրա։ Եթե իրենց թվում է մարսելու են՝ սխալվում են», - նշեց Սաղաթելյանը։