30/05/2022 09:45
Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել․ Բաբայան
Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նա գրել է․«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով, հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:
Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները, նկատելով կազմակերպված սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից:
Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»:
Այդ գրառումից քիչ ավելի ուշ, Բաբայանը սադրանքի մասին երկրորդ գրառումն է արել։
«Իշխանությունը չի նահանջում: Մինչև մի սադրիչին հեռացրեցին՝ «նիկոլ-մահաբերը» հաջորդին ուղարկեց: Ոստիկանությունը կրկին հեռացրեց րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակ եկած հերթական սադրիչին», - տեղեկացրել է նա: