30/05/2022 11:17
«Ինեկոբանկը» «EMERGE» միջազգային տեխնոլոգիական համաժողովի գլխավոր գործընկերն է
Հունիսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի «EMERGE» միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որի գլխավոր գործընկերն է «Ինեկոբանկը»։
Առաջնորդվելով «նորարարություն՝ հանուն հարմարավետության» իր մոտեցմամբ և մշտապես կարևորելով թվային լուծումների դերը ֆինտեխ ոլորտի զարգացման հարցում՝ «Ինեկոբանկը», որպես գլխավոր գործընկեր, ներկայանում է տարվա ամենամեծ միջազգային տեխնոլոգիական համաժողովին։
«EMERGE» կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտի համաշխարհային միտումներին։ Այն երկու օրով մեկ գաղափարի շուրջ է համախմբելու ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են «TechCrunch», «Microsoft», «Amazon Web Services», «Snap Inc.», «Pinterest», «Google Deepmind», «Glovo», և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:
«Ինեկոբանկի» Ֆինանսական ծառայության ղեկավար Բաբկեն Սահակյանը համաժողովի մասնակից ստարտափների համար կանցկացնի մենթորական սեսիաներ՝ տարբեր բիզնես մոդելների ֆինանսական հետևանքների և ցուցանիշների ուղղությամբ:
«Նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար սկսնակ բիզնեսների համար շատ կարևոր է ֆինանսական հետևանքները հաշվարկելն ու հիմնական KPI-ները սահմանելը։ «EMERG»-ի շրջանակում կփորձեմ ՏՏ ստարտափների հետ կիսվել այս ոլորտում ունեցած իմ փորձով և մոտեցումներով, որոնք, հուսով եմ, կօգնեն նրանց բիզնես մոդելի ճիշտ ընտրության և հետագա ֆինանսական զարգացման հարցում», - նշում է Բաբկեն Սահակյանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև թեմատիկ պանելային քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ` ժամանակի թրենդ հանդիսացող ոլորտային թեմաների շուրջ:
«Ինեկոբանկի» Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը, ով ունի բազմամյա փորձ ֆինանսաբանկային ոլորտում և կապիտալի շուկաներում, ավանդական բանկինգի և բլոկչեյների թեմայով պանելային քննարկմանը կներկայանա որպես բանախոս և կկիսվի իր մասնագիտական դիտարկումներով ու կանխատեսումներով:
«Այսպիսով, հանդիպում ենք հունիսի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` մեկնարկելու տեխնոլոգիական ամառը», - հայտնում են բանկից։