30/05/2022 16:56
Իշխանության ռեակցիան մատնում է նրա իրական վախերը. Քաղտեխնոլոգը՝ ոստիկանության գործողությունների մասին
Եթե Երևանի փողոցներում ընդդիմադիրների գործողությունները զուտ լոգիստիկ բնույթ են կրում, ինչպես օրեր առաջ հավասիացնում էր ՀՀ վարչապետը (ի դեպ, նրա ընտրազանգվածի 99 տոկոսն այդ բառի նշանակությունը, համոզված եմ, չգիտի), կարիք չէր լինի այսքան մեծաթիվ ոտիկանական ուժեր դուրս բերել փողոց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Ակնհայտ է, որ այսօրվա գործողությունները շատ բանով էին տարբերվում նախորդ օրերի գործողություններից։ Մարդկանց թիվը բավական մեծ էր, և, բնականաբար, վախն էր մեծ, այդ թվում՝ ոստիկանների մոտ։
Ընդհանուր առմամբ՝ ոստիկանական ուժն աշխատում է այն ժամանակ, երբ ցույցերին համեմատաբար քիչ մարդ է լինում։ Ինչո՞ւ երեկոյան երթերի ժամանակ, երբ փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ է լինում, կարմիր կամ այլ գույնի բերատավորների չենք տեսնում, որովհետև այդ մեթոդը մարդկանց նման թվաքանակի դեպքում չի աշխատում», - ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ այսօր Կառավարական 3-րդ մասնաշենքի ակցիայի ժամանակ ոստիկանության առջև խնդիր էր դրված ամեն գնով պաշտպանել այդ օբյեկտը։
«Ոստիկանները հրամանը ստացել էին և հատուկ օպերացիա էին անում խաղաղ ցուցարարների դեմ։ Այս առումով իշխանության ռեակցիան մատնում է նրա իրական վախերը։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։
Մյուս կողմից, ուժայինների այսօրվա գործողությունները կոնտրաստի մեջ են ոստիկանության՝ 2018 թվականի գործողությունների հետ՝ Նիկոլ Փաշինյանի նմանատիպ գործողությունների ժամանակ։ Փաստը մնում է փաստ, որ այն ժամանկ ոչ թե ըդդիմությունն էր թավշյա, այլ թերևս ոստիկանությունը», - ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ էր Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջև:
Ոստիկանությունը բազմաթիվ ցուցարարների բերման է ենթարկել։