31/05/2022 19:20
Բրոնխիտ. նպաստող գործոնները, բարդացումները
Բրոնխիտը բրոնխների բորբոքումն է. առաջանում են բրոնխի պատի այտուց, լուսանցքի նեղացում, արտազատուկի՝ լորձի գերարտադրություն։
Տարբերակվում են՝
Սուր և քրոնիկ կամ կրկնվող բրոնխիտ, հիվանդության թիրախային խմբում երեխաներն են՝ պայմանավորված երեխաների իմունային համակարգի առանձնահատկությամբ (իմունային համակարգը դեռ կազմավորման փուլում է)։
Առավել հաճախ դրսևորվում են սուր բրոնխիտներ, նպաստող գործոնները հիմնականում վիրուսային վարակներն են: Ախտանշանները նման են այլ վիրուսային ախտանշաններին՝
- Հազ, որ սկզբնական շրջանում կարող է լինել չոր, ապա թաց (խորխոտ)
- Ջերմության բարձրացում
- Քթահոսություն
Կրկնվող բրոնխտ. երբ երեխան ցանկացած վիրուսային հիվանդության դեպքում կամ առանց դրա էլ ունենում է խզոցներով ուղեկցվող հազ։ Կրկնվող բրոնխիտները կարող են ահազանգել բրոնխիալ ասթմայի, մուկովիսցիդոզի մասին։
Վիրուսային բրոնխիտն ինքնալավացող հիվանդություն է։ Բժշկի պետք է դիմել, երբ կան բարդացումներ՝
Եթե երեխան ունի հևոց, արագաշնչություն, լսվում է խզոց, հրաժարվում է հեղուկներ խմելուց, վատթարանում է ինքնազգացողությունը, կա թուլություն, բարձր ջերմություն։
Ուշադրություն պետք է դարձնել արյան մեջ թթվածնի ցուցանիշին՝ սատուրացիային. ցածր ցուցանիշի դեպքում պետք է դիմել բժշկի։
Բրոնխիտի բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է. բարձր ջերմության դեպքում օգտագործվում են ջերմիջեցնողներ, ջրազրկման դեպքում՝ առատ հեղուկներ, թթվածնի քանակի նվազման դեպքում՝ թթվածնաթերապիա, բրոնխների լուսանցքի նեղացման դեպքում բրոնխալայնիչներ են նշանակվում։ Քթահոսության դեպքում արդյունավետ են ֆիզիոլոգիական լուծույթով լվացումները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։