31/05/2022 19:00
Հոդերի մաշվածություն. նպաստող գործոնները, ախտանիշները
Հոդերը կմախքի շարժական հանգույցներն են. կազմված են ոսկրերից, որ պատված են աճառային շերտով, հոդաշապիկով, հոդի հոդի շուրջը կան կապաններ, մկանների ջլեր, որ ապահովում են շարժումները։
Աճառը ամուր, ողորկ, հայելանման հյուսվածք է՝ անցավ շարժումների գրավականը։ Աճառի մաշվելուն պես շարժվելիս առաջանում է ցավ։ Տարբերակում են առաջնային և երկրորդային մաշվածություն։ Առաջնայինը պայմանավորվում է տարիքով, երկրորդայինը տարբեր ախտաբանությունների հետևանքով առաջացած մաշվածությունն է։
Ախտանշանները
- Ցավ. հիմնականում արտահայտվում է առավոտյան արթնանալիս, առաջին շարժումները ցավոտ են, օրվա ընթացքում ցավը մեղմանում է, երեկոյան նորից զգալի դառնում։
- Շարժումների սահմանափակում
- Այտուց
- Հոդի դեֆորմացիա
Մաշվածությունը դանդաղ զարգացող գործընթաց է, բայց կան խթանող գործոններ՝
- Սպորտ, տրավմաներ
- Էնդոկրին, ռևմատիկ հիվանդություններ
- Ճարպակալումը ևս մաշվածությանը նպաստող գործոններից է. բարձր քաշի դեպքում հոդերը ծանրաբեռնված են աշխատում։
Ախտորոշելիս կարևոր է ռենտգենաբանական հետազոտությունը պատշաճ կատարելը. հոդի մաշվածությունն ախտորոշելու համար հոդը պետք է լինի ծանրաբեռնված, կարևոր է հետազոտությունն անել կանգնած վիճակում։
Ուլտրաձայնային հետազոտությունը ոսկրային համակարգի հետ մեկտեղ ցույց է տալիս նաև փափուկ հյուսվածքների վիճակը։ Մագնիտառեզոնանսային տոմոգրաֆին ևս հնարավորութուն է տալիս գնահատելու աճառային շերտի վիճակը, ախտորոշելու նաև ներոսկրային ախտաբանությունները, որ ևս մաշվածությանը նպաստող գործոններ են։
Եթե երկրորդային օստրիոարթրիտ է, պետք է նախ բուժել նպաստող հիվանդությունը, զուգահեռ չմոռանալ թերապիայի մասին՝ դեղորայքային և ոչ դեղորայքային (ֆիզկուլտուրա՝ ոչ մեծ ծանրաբեռնվածության): Եթե բուժման կոնսերվատիվ տարբերակներն արդյունք չեն տալիս, կա նաև վիրահատական միջամտություն՝ էնդոպրոտեզավորում՝ հոդաճառի փոխարինում։
Հոդի մաշվածությունը մեծ հաշվով հնարավոր չէ կանխարգելել, բայց դանդաղեցնել գործընթացը հնարավոր է, որպեսզի այն ոչ թե 50 տարեկանում արտահայտվի, այլ 80-ից հետո։ Օգտակար են առավոտյան կանոնակարգված մարզանքը, քաշի կարգավորումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։