31/05/2022 18:10
Ձեռքի կամ ոտքի հանկարծակի առաջացած թմրածությունն անտեսել չի կարելի
Գլխուղեղի կաթվածը գլխուղեղի հյուսվածքի վնասումն է՝ գլխուղեղի արյունամակատակարարման խանգարման հետևանքով (կարող է լինել խցանված անոթի հետևանքով կամ անոթի պատռման հետևանքով՝ արյունազեղման տեսքով)։
Կաթվածի (ինսուլտի) դեպքում բոլոր սիպմտոմներն ի հայտ են գալիս խիստ կտրուկ, հանկարծակի՝ կարճ ժամանակում հասնելով մաքսիմալ արտահայտվածության։
Երկու հիմնական տեսակ է առանձնացվում՝ իշեմիկ և հեմորագիկ։ Իշեմիկի դեպքում, որ առավել տարածված է, գլխուղեղի անոթի խցանման հետևանքով վնասվում է գլխուղեղի հյուսվածքը։
Հեմորագիկի (արյունազեղում) դեպքում, երբ ուղեղի անոթը պատռվում է, գանգի խոռոչում առաջանում է արյունազեղում։
Անոթի խցանման պատճառներից են սրտի ռիթմի խանգարումները, որպես հետևանք կարող է առաջանալ ներսրտային թրոմբ, որ կարող է պոկվել և խցանել գլխուղեղի անոթը։ Աթերոսկլերոտիկ հիվանդության դեպքում քնային զարկերակներում աթերոսկլերոտիկ ախտահարման հետևանքով կարող է առաջանալ անոթի պատի վնասում, որի վրա կարող է առաջանալ արյան մակարդուկ, որ նույնպես կարող է խցանել գլխուղեղի անոթը։
Տրավմաների դեպքում նույնիսկ պարանոցի անհաջող շարժումից կարող է առաջանալ անոթի շերտազատում, վնասված անոթի պատին կարող է առաջանալ թրոմբ, որ խցանում է ուղեղը սնուցող անոթը. որպես հետևանք տրավմայից մի քանի օր հետո կարող է առաջանալ իշեմիկ ինսուլտ։
Գլխուղեղի կաթվածին նպաստող կառավարելի գործոնները՝
- ծխախոտ
- զարկերակային բարձր ճնշում
- շաքարային դիաբետը
- սրտի ռիթմի խանգարումներ
- սրտում արհեստական փականը նույնպես ռիսկի գործոն է
- տրավմաներ
- նստակյաց ապրելակերպ
- ճարպակալում
Ախտանշանները՝
Կտրուկ առաջացած սիմպտոմները՝
- Դեմքի ծռվածություն (դեմքի սիմետրիայի խանգարում)
- Ձեռքի կամ ոտքի թուլություն կամ թմրածություն (թմրածությունը չի կարելի անտեսել)
- Խոսքի խանգարում
Երեք հիմնական սիմպտոմների հանդեպ պետք է խիստ ուշադիր լինել, առանց ժամանակ կորցնելու, անհապաղ դիմել բժշկի։
Ախտորոշում՝
Կլինիկական գնահատում (գանգատները, հիվանդության պատմությունը), լաբորատոր հետազոտություններ։ Խիստ կարևոր են գլխուղեղի ռադիոլոգիական հետազոտությունները՝ ՄՌՏ (մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա), ՀՇ (համակարգչային շերտագրություն), անոթագրություն։
Իշեմիկ կաթվածի դեպքում բուժման էտապներ կան. սուր փուլ՝ ինքնազգացողությունը վատթարանում է, թրոմբը խցանում է գլխուղեղի անոթը։ Այս դեպքում արվում է կամ վիրահատություն կամ դեղորայքի ներարկում։ Եթե սուր փուլը բաց է թողնվում, հաջորդում է ենթասուրը։ Այս դեպքում նախ կարևոր է կայունացնել հիվանդի վիճակը, նշանակել կանխարգելիչ, ապա վերականգնող բուժում։
Գլխուղեղի վնասումից հետո առաջին ամիսները կարևոր են. չվնասված հյուսվածքները կարող են ստանձնել վնասված հյուսվածքների ֆունկցիայի կատարումը։ Հիվանդանոցային փուլից հետո էլ կարևոր է հետևողականությունը. ճնշման, շաքարի, արյան մակարդելիության կարգավորումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։