31/05/2022 18:35
Տեսեք՝ ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում․ պայմանագրային հիմունքներով շատ մարդիկ են ծառայում, հարցրեք․ Պաշտպանության փոխնախարար
Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ տեղակալ Արման Սարգսյանը, ով ընդգկրված է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։
Սարգսյանը նշեց, որ առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպումը չի չեղարկվել, իսկ հանձնաժողովի նախագահների առաջին հանդիպման ժամանակ կազմակերպչական հարցեր են քննարկվել հետագա աշխատանքների վերաբերյալ։
«Մոսկովյան հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, օրը չեմ կարող ասել։ Երրորդը, ըստ նախնական տվյալների, Բրյուսելում»,- ասաց նա։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները պաշտպանության փոխնախարարից հետաքրքրվեցին սահմանների կահավորման աշխատանքներից՝ նշելով՝ տեղանքներ կան, որոնք թշնամու համար տեսանելի են, թիրախավորվում են մեր զինվորները, ունենք զոհ։
«1 կամ 2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները»,- ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, թե օր ու գիշեր աշխատում են՝ հնարավորինս արագ լուծելու բոլոր խնդիրները։
«Դուք տեսեք՝ ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում»,- պնդեց նա՝ լրագրողներին հորդորելով արվածի մասին հետաքրքրվել զինծառայողներից։
«Պայմանագրային հիմունքներով շատ մարդիկ են ծառայում, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Հաշվի առեք, որ սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է»,- ասաց Արման Սարգսյանը։
Մասնավորապես Սյունիքում, նրա խոսքով, արված աշխատանքը «շոշափելի է»։