31/05/2022 15:12
Գեղամ Մանուկյանը չի կարծում, որ իշխանությունը կհասցնի ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց սկսել
Այս իշխանությունը կարծում է, որ պատգամավորությունը միայն պարգևավճարներ ստանալն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ինքը, բացակայությունների հիմքով, ընդդիմությանը մանդատներից զրկելու տրամադրվածություն ունի։
«Ուղղակի իշխանությունը չի հասկանում պատգամավորի կարգավիճակը, չի հասկանում, որ պատգամավորը միայն նիստերի դահլիճում կոճակ սեղմող չէ, ինչպես քաղաքական մեծամասնությունը։ Ո՛չ, պատգամավորը նաև իրականացնում է այն մանդատը, որը տվել է իր ընտրողը՝ մեր դեպքում հարյուր հազարավոր մարդիկ։ Այնպես որ, մենք մեր ընտրողների տված մանդատով մեր գործունեությունն ենք ծավալում», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Հարցին՝ եթե, այնումենայնիվ, ԱԺ նախագահն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմի Ազգային ժողովի խորհրդին, ո՞րն է լինելու իրենց պատասխան քայլը, մեր զրուցակիցը կարճ պատասխանեց՝ չի կարծում, որ իշխանությունը հասցնի նման գործընթաց սկսել։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն այս թեմայով այսօր ասել էր. ««Ընդհանուր առմամբ՝ որոշում չկա։ Ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ՝ գալ նիստի, երբ ուզենալ՝ չգալ»։