31/05/2022 14:30
Փոխոստիկանապետը վստահեցնում է՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելու հանձնարարական չի տրվել ոստիկաններին
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը վստահեցնում է՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելու հանձնարարական չի տրվել ոստիկաններին։
«Ոչ մի նման հանձնարարական չի կարող լինել, դա լինում է ըստ իրադարձության, եթե գնում է հասարակական կարգի կոպիտ խախտում, ոստիկաններն այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը, որ ուժ է կիրառվել նաև անչափահասի նկատմամբ, փոխոստիկանապետն արձագանեց. «Իսկ, ներողություն իհարկե, անչափահասն ի՞նչ գործ ուներ այնտեղ»։
Նա ասաց, թե անձամբ է հետաքրքրվել անչափահասի առողջական վիճակով, որևէ լուրջ բան չկա։
«Վեց ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց, հինգ քաղաքացի, ոստիկաններից մեկի մոտ կողերի կոտրվածք է», - նշեց Մովսիսյանը։