31/05/2022 16:08
Չենք շեղվելու մեր ծրագրից. Ալեն Սիմոնյանն ուզում է՝ հարյուր անգամ դիմի ԱԺ խորհրդին. Արթուր Ղազինյան
Ալեն Սիմոնյանին շատ լավ տրամադրություն եմ մաղթում։ Ինքն ի՞նչ է հասկանում՝ անհարգելի բացակայությունը որն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այն հայտարարությանը, որ ինքը, բացակայությունների հիմքով, ընդդիմությանը մանդատներից զրկելու տրամադրվածություն ունի։
«Իրենք ի՞նչ կապ ունեն պետության, իրավունքի, օրենսդրության և իրավակարգի հետ։ Ոնց փողոցային կային, այդպիսին էլ՝ փողոցային մնացին, իրենց համար ի՞նչ տարբերություն։ Իրենք երբևէ ո՛չ Սահմանադրություն են հարգել, ո՛չ օրենք են հարգել, ո՛չ մշակույթ են հարգել, ոնց որ այն ժամանակ փողոցներում թափառում էին, հիմա նույն ձևով, նույն տրամաբանությամբ աշխատում են», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ իրենց բացարձակապես չի հետաքրքրում՝ ԱԺ նախագահն ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով երբ կդիմի ԱԺ խորհրդին։
«Օրակարգում բոլորովին այլ հարց է՝ րոպե առաջ իշխանության հեռացումը և քրեական պատասխանատվության ենթարկումը։ Մնացածն էական չէ մեզ համար։ Մենք չենք շեղվելու մեր այդ ծրագրից՝ ուզում է՝ հարյուր անգամ դիմի ԱԺ խորհրդին։ Դա մեզ առանձնապես չի հետաքրքում։ Իրենց համար է դա կյանքի իմաստ, մեզ համար դա ընդամենը միջոց է՝ ծառայելու պետությանը», - նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն այս թեմայով այսօր ասել էր. «Ընդհանուր առմամբ՝ որոշում չկա։ Ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ՝ գալ նիստի, երբ ուզենալ՝ չգալ»։