31/05/2022 18:23
Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող մեր բնակիչները մշտապես մեզ վճարում են անվտանգությամբ, լա՛վ իմացեք․ Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․
«Արցախի ճակատագիրը (վերջին տարիներին ողբերգական) մեծապես կախված է և կախված է եղել Երևանում ընդունվող որոշումներից կամ աշխատանքի արդյունքից: Դա նորմալ է՝ Երևանն է հայության ուժային, քաղաքական, ֆիանանսական և մշակութային կենտրոնը:
Նորմալ է նաև, որ Հայաստանը վարկեր է տրամադրում Արցախին․ բա մեր մեծ Հայրենիքի մի մասն է:
Իսկ մանրանալը այնքան, որ ՀՀ կառավարությունն է վճարում արցախցիների կոմունալը կամ աշխատավարձը, էժան և պրիմիտիվ խոսակցություն է:
Դրա շեշտադրումը նաև նպատակ է հետապնդում, հատկապես Ստեփանակերտում կայացած հանրահավաքից հետո, երեսով տալ Արցախում ապրողներին այդ փոխանցված գումարները և ատելության նոր ալիք հարուցել ղարաբաղցիների նկատմամբ մեր մոլորյալ քաղաքացիների շրջանում:
Արցախցիները և ՀՀ սահմանում ապրող մեր բնակիչները մշտապես մեզ վճարում են անվտանգությամբ, դա լա՛վ իմացեք:
Հասարակ բան․ եթե չլիներ Արցախի Հանրապետությունը, հնարավոր պատերազմին առաջին հարված ստացողը կլինեին Հայաստանի Հանրապետության մարզերը, դրանցից հետո՝ Երևանը»: