31/05/2022 19:16
Սա հայրենիքը սիրելու և աթոռը սիրելու պայքար է․ Նիկոլն իր աթոռն է սիրում, պայքարի դուրս եկածները՝ հայրենիքը․ Շարմազանով
Սա հայրենիքը սիրելու և աթոռը սիրելու պայքար է։ Նիկոլն իր աթոռն է սիրում, մենք՝ պայքարի դուրս եկած այս քաղաքացիներս, մեր հայրենիքը, լրագրողների հետ զրույցում համազգային շարժման էությանն անդրադարձավ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը շարունակվող պայքարի ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի։
«Պայքարից մեկ ամիս անց արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեջ չի կարողանում դուրս գալ, ոստիկանական վահանների հետևում է թաքնվում և, որպես պետության ղեկավար, գոյություն չունի։ Նա թաքնված է ապրում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Մյուս ձեռքբերումներից է, նրա խոսքով, պայքարին հայրենասեր ու հայրենատեր քաղաքացիների միանալը, օր օրի շատանալը։
«Սա իրոք հայրենիքի համար պայքար է։ Մարդիկ հասկանում են, որ Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը նույն գծի մեջ են գործում։ Հակառակ Նիկոլ պնդումների, որ շարժումը «մաշվելու» է, մաշվելու է ինքն ու իր իշխանությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց՝ այս օրերին տեղի ունեցողը ղարաբաղյան վերածնված շարժումն է․ զարթոնք։
«Անկախ նրանից՝ Նիկոլը վա՞ղը կգնա, թե՞ մյուս օրը, մի բան ակնհայտ է, որ պատերազմից հետո, Նիկոլի կողմից պարտվողական քաղաքականություն իրականացնելուց, վախի մթնոլորտ սերմանելուց, ապազգայնություն քարոզելուց հետո և թուրքի դիմաց ծնկելու քաղաքականություն տարածելուն զուգահեռ՝ այս ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը Հայկի սերունդն է, որ մտադիր չէ Բելի՝ ադրբեջանցու, թուրքի, ներքին թուրքի առաջ ծնկել:
Մարդիկ տերն են իրենց երկրի և նպատակ չունեն ապրել թուրքական վիլայեթում՝ Նիկոլի, նիկոլիզմի իշխանության տակ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։